«ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղին անտեսել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որի շեշտադրումները նկատելիորեն տարբերվում են մինչ այս արված նրանց բոլոր հայտարարություններից:

Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) տարածած համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն  Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ համանախագահների նման հայտարությունը կիսատ քայլ է, և պետք չէ ամբողջությամբ դրական հարթության մեջ դիտարկել այն, քանի որ ամբողջ հայտարարության մեջ չի երևում որևէ կոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, մինչդեռ իրենք պետք է գիտակցեն, որ Ղարաբաղի կոնֆլիկտը միայն ՀՀ -ով ու Ադրբեջանով չի սահմանափակվում:

«Եթե իրենք գիտակցում են, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է ստեղծված, նաև պետք է հասկական, որ դա միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին չէ տեղի ունեցել: Լարվածությունն ակնհայտ էր նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին»,- նշեց Պողոսյանը:

Քաղաքագետ, միջազգային փորձագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ԵԱՀԿ մինսկի խումբը հարկ է համարում ադրբեջանցիներին հնազանդեցնել:

«Ընդհանուր առմամբ՝ այս վատ դինամիկայում դրական բան տեսնելը դժվար է, սակայն, կարող ենք համարել, որ Մինսկի խումը, կարծես թե, հասկանում է, որ նախկին սկզբունքը կողմերի նկատմամբ պահելը  ճիշտ չէ»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Լուսինե Հակոբյան




Լրահոս