«Պուտինի դուստրերն ու ընտանեկան արժեքները». Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես գաղտնի է պահել իր երկու դուստրերի մասին տեղեկությունները. համացանցում անգամ անհնար է գտնել նրանց՝ վերջին տարիներին արված լուսանկարները:

Այս մասին գրում է Լեոնիդ Բերշիդսկին «Պուտինի ընտանեկան արժեքները» վերնագրով իր հոդվածում, որը հրապարակվել է Bloomberg-ում:

Սակայն հիմա Կրեմլը, ինչպես երևում է, այնքան էլ չի ջանում վերջ դնել այն լուրերին, որ Պուտինի կրտսեր դուստրը՝ Եկատերինան, ապրում է Մոսկվայում ու ղեկավարում է մի ընկերություն, որը ներգրավված է 1.7 միլիարդ դոլար արժողությամբ նորարարական կենտրոնի կառուցմանը:

Միակ հարցազրույցը, որը տվել են Պուտինի աղջիկները՝ 1985թ. ծնված Մարիան ու 1986թ. ծնված Եկատերինան, եղել է «Առաջին դեմքից» գրքի համար, որը հրապարակվել է 2000թ. Պուտինի նախընտրական քարոզարշավի համար:

Պուտինն այդ ժամանակ ասել է, որ նրա դուստրերը «չափազանց խելացի են» ու հայտարարել է, որ աղջիկների անվտանգության շուրջ անհանգստությունները բարդացնում են նրանց կյանքը:

«Մենք անգամ չենք նկատում թիկնապահներին: Երբ մենք ինչ-որ տեղ ենք գնում ընկերներով, նրանք գտնվում են մոտակայքում՝ ջանալով չխանգարել»,-ասել է Կատերինան, ով այդ ժամանակ դեռևս պատանի է եղել:  Նա նաև հայտարարել էր, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ:

Ամենը, ինչ հայտնի է Պուտին աղջիկների մասին, այն է, որ նրանք երկուսն էլ սովորել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում:

Սակայն հոլանդական մամուլը վաղուց է հայտնել այն մասին, որ Մարիա Պուտինան իր հոլանդացի զուգընկերոջ հետ ապրում է Նիդեռլանդներում իր շքեղ բազմաբնակարան տանը: Այն բանից հետո, ինչ մալազիական ավիաուղիների ուղևորատար օդանավը կործանվեց արևելյան Ուկրաինայում՝ ենթադրաբար, ռուսամետ զինյալների կողմից, հոլանդացիները պահանջեցին արտաքսել Մարիային, քանի որ ուղևորների երկու երրորդը եղել է Հոլանդիայի քաղաքացի: Սակայն պարբերականները հայտնել են այն մասին, որ նա արդեն լքել է Հոլանդիայի իր տունը:

Ինչ վերաբերում է Կատերինային, նրան են վերագրում հարավկորեացի նախկին ադմիրալի որդու հետ կապը, ով որոշ ժամանակ առաջ աշխատել է Մոսկվայում իր երկրի դեսպանատանը: Ադմիրալը հերքել է այս լուրերը:

Պուտինի ընդդիմադիրներն օգտագործում են միջազգային մամուլի այդ հաղորդագրոթյունները, որպեսզի ցույց տան, թե ինչպիսի ոչ պատրիոտ նախագահ է Պուտինը, ով նվազագույն հնարավորության դեպքում քննադատում է Արևմուտքին, սակայն երեսպաշտորեն թույլ է տալիս իր դուստրերին վայելել արտասահմանյան կյանքը:

Պուտինը որոշեց այդ քննադատություններին պատասխանել նոյեմբեր ամսին: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ իր դուստրերն ապրում են Մոսկվայում, և որ նա հանդիպում է նրանց հետ ամիսը մեկ կամ երկու անգամ: Սա չափազանց բնորոշ է Պուտինին. ինքնակամ կերպով ինչ-որ բան պատասխանել՝ չհոգալով այն մասին, թե արդյոք նրան հավատում են իր ունկնդիրները՝ պարզապես մի փոքր տեղեկություն բացահայտում. գրում է  Bloomberg-ը:




Լրահոս