ՄՈՏԱԿԱ 25 ՏԱՐԻՆ ԱՅԴ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը մեկնել է արձակուրդ, ինչի մասին պաշտոնական տեղեկություն տարածեց նաեւ ՀՀ ոստիկանությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ներսես Նազարյանն արձակուրդից չի վերադառնալու, քանի որ վերջինիս պաշտոնանկ են անելու: Սակայն Նազարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նման բան չկա, ինքը որեւէ խնդիր չունի եւ օգոստոսի 7-ին  արձակուրդից վերադառնալու է աշխատանքի:
-Պարո՛ն Նազարյան, ըստ տեղեկությունների՝ Դուք արձակուրդից չեք վերադառնալու, քանի որ պաշտոնանկ եք արվելու: 
-Կապրենք` կտեսնենք:
-Ձեզ պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորվում է Ռուբեն Հայրապետյանի ներկայիս խոցելի կարգավիճակով, նաեւ նրանով, որ Հայրապետյանն  այսօր չի կարող Ձեր ,թիկունքին կանգնելե:
-Չէ՛, չէ՛, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում:
-Դուք ինչ-որ խնդիրնե՞ր ունեք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
-Բացարձակ խնդիր չկա:
-Իսկ արձակուրդ գնալուց առաջ Դուք եւ ոստիկանապետն ինչպե՞ս եք իրարից “բաժանվել”, վերջնական հաջողությո՞ւն եք մաղթել միմյանց, թե՞ վերադառնալու ակնկալիքով եք մեկնել հանգստի:
-Շատ լավ, արդեն ես արձակուրդի մեջ եմ: Ոստիկանապետի հետ մենք շատ լավ ընկերներ ենք, 25 տարի է արդեն, եւ երբեք ոչ մի բան չի կարող մեր հարաբերությունների… Անկախ նրանից՝ մենք իրար հետ կաշխատենք, չենք աշխատի, մենք երկուսս էլ նորմալ մարդիկ ենք՝ մանկությունն իրար հետ ապրած, կյանքում մենք իրար հետ երբեք չենք կարող պրոբլեմ ունենալ: Մեր տեսակի մարդիկ իրար հետ պրոբլեմներ չեն ունենում:
-Հնարավո՞ր է՝ ոստիկանապետը դժգոհ է Ձեր աշխատանքից եւ այդ պատճառով Ձեզ պաշտոնանկ անի:
-Աշխատանքային խնդիրներ միշտ էլ կարող են լինել. լինում են ե՛ւ դժվարին, ե՛ւ լավ, ե՛ւ վատ, բայց դա չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Հիմա առավել եւս, քանի որ ամեն ինչ շատ լավ է՝ ե՛ւ աշխատանքները, ե՛ւ ցուցանիշները, ե՛ւ գործը: Տրամադրված ենք համակարգն առաջ տանելու: Երբեք այնպիսի աշխատանք չեմ արել, որից դժգոհի ոստիկանապետը:
-Ե՞րբ եք վերադառնալու արձակուրդից:
-Ինչքա՞ն եք ուզում, երբ ուզեք, այդ ժամանակ կվերադառնամ. ամսի 7-ին աշխատանքի եմ: Ուրեմն ես Ձեզ մի հատ խորհուրդ տամ. երբեք վատ էմոցիաներ մի՛ ունեցեք, վատ, բացասական էմոցիաները միշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Նայե՛ք ամեն ինչին միշտ լավ, նայե՛ք նորմալ, եթե ինչ-որ մեկի հետ կապված վատ բան էլ լինի, երբեք տենց մի՛ մատուցեք, դրանով մի՛ ուրախացեք: Համենայնդեպս, մոտակա 25 տարին այդ ուրախությունը չի լինի ոչ մեկի համար: Զինվե՛ք համբերությամբ:
-Արձակուրդից վերադառնալուց հետո հնարավո՞ր է Ձեզ այլ պաշտոնում տեսնենք:
-Չէ՛, չէ՛, իմ պաշտոնն ինձ բավականացնում է, եւ ես շատ գոհ եմ իմ պաշտոնից, իմ աշխատանքից: Այնպես որ հանգի՛ստ եղեք, դեռ շատ երկար իրար հետ աշխատելու ենք:
-Պարո՛ն Նազարյան, Ձեր որդուն պատկանող ,Մոսկվիչկաե սուպերմարկետը ՀԴՄ կտրոններ չի տալիս քաղաքացիներին, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում՝ այդ խնդրի հետ կապված: Ինչո՞ւ է Ձեր որդին հրաժարվում կատարել օրենքի պահանջը:
-Որեւէ մեկը նման բան չի կարող ասել: Իմ տղայի մոտ ՀԴՄ կտրոն տալն ավտոմատացված սիստեմայի վրա է դրված, որ հատուկ բերվել է դրա համար, եւ եթե հետեւեք, կտեսնեք, որ ամենաշատ մեքենաները շահում են իմ տղայի խանութի ՀԴՄ կտրոններով: Կտրոն ստանում են ավտոմատացված տարբերակով, ոչ մեկը չի կարող կտրոն տալ կամ չտալ: Դա առաջին անգամ իմ տղայի մոտ է դրվել: Քաղաքացիներին բարեւե՛ք ու ասե՛ք, որ նման չարություններ չտարածեն, չարությամբ չլցվեն, դա հետ կգա իրենց:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս