Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Նոր Նորքի 9-րդ զանգվածում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով նրա քենու 4-ամյա թոռը`Էլեն Դալլաքյանը, և կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում տուժած երեխայի պապիկը հայտնեց, որ Անահիտ Խաչատրյանն իր թոռան դայակն է, և տանը եղել են Անահիտը և թոռը: Ավելի ուշ տուն է գնացել Անահիտի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, և հյուրասենյակում պայթեցրել նռնակը: «Հարևանների հետ խոսեցի, ասում են աղմուկ, վիճաբանության ձայներ են լսել, բայց հիվանդանոց տեղափոխելիս էրեխու ձայնը չի լսվել: Բժիշկներն ասում են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակները ծանր է: Ո՞վ իմանա՝ ինչու այսպիսի բան պատահեց: Նախկինում սիրով են եղել, երկու տղա ունեն՝ բանակ գնացած եկած: Փորձանք էր էլի»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ հարևանները մեզ հետ զրույցում նշեցին, որ նախկինում ևս Անահիտի ամուսինը մշտապես եկել է այդ բնակարան, կնոջը տուն է տարել, բայց վիճաբանություններ չեն եղել: Հարևանների խոսքով՝ Մելիք Գալստյանին երբևէ ալկոհոլի ազդեցության տակ չեն տեսել. նա մշտապես սթափ է եղել: Նրանք նշեցին, որ իրենց տեղեկություններ են հասել, թե դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների հետևանքով և խանդի հողի վրա:
Տեղեկացնենք, որ դեպքի վայրում աշխատում էին քրեական փորձագետներ: Ոստիկանությունից տեղեկացանք, որ կասկածյալը հայտնաբերվել է փախուստի պահին: