ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԻՐ ԲԻԶՆԵ՞ՍՆ Է ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իր ձայնը տվել է ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին: Գրիգորյանը վստահեցրեց, որ Բակո Սահակյանն ընտրությունների ժամանակ ոչ մի կերպ չի կաշառել իր ընտրողներին:
-Ես Բակո Սահակյանի շտաբի պետն եմ եղել Ստեփանակերտ քաղաքում, բնականաբար, ես սատարում էի Բակո Սահակյանի թեկնածությունը, համոզված եմ, որ իր հնարավորությունները բավական են, որ մենք առաջիկա 5 տարիներին առաջընթաց ունենանք: Ինքը կկարողանա շարունակել այն լայնածավալ աշխատանքները, որ իրականացրել է այս տարիների ընթացքում:
-Սակայն Ստեփանակերտի բնակիչները դժգոհ են Բ. Սահակյանի իշխանության տարիներից, նրանք նշում են, որ իրենք այդ ընթացքում որեւէ փոփոխություն չեն նկատել: Խնդրում եմ,  կոնկրետ  նշե՛ք նրա կատարած աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում:
-Եթե Դուք տեսնեիք Բ. Սահակյանի նախընտրական ծրագիրը… մի մասում հաշվետվություն է կատարված աշխատանքի հետ կապված, իսկ մյուս կողմում նախատեսվող աշխատանքներն են: Առաջիկա 5 տարիների ընթացքում կկատարվեն այդ աշխատանքները, որոնք  պատրաստվում է իրականացնել պարոն Սահակյանը:
-Բայց բնակիչները նշում են, որ բացի իր բիզնեսի ընդլայնումից, Բակո Սահակյանն այս 5 տարիների ընթացքում ոչինչ չի արել: 
-Եթե ասում են, ուրեմն պետք է կոնկրետ խոսեն, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը: Եթե Դուք տեսնեիք, թե ինչ պայմաններում է ապրում Բակո Սահակյանը, երեխա ժամանակվանից մինչեւ հիմա իր հայրական բնակարանում է ապրում, որից կարելի է եզրակացնել, թե ինչ բիզնեսով է ապրում, ինքը հայրենասեր մարդ է:
-Քաղաքացիները նաեւ ասում են, որ Բակո Սահակյանը ժողովրդին հիշել է ընտրություններից առաջ, երբ որպես ընտրակաշառք ճանապարհաշինություն է իրականացրել, բնակարաններ է անվճար վերանորոգել, տաքսու վարորդներին անվճար գազ է տրամադրել…
-Ասֆալտապատման աշխատանքները ոչ մի ժամանակներում չեն դադարեցվել Ստեփանակերտ քաղաքում, դրանք միշտ էլ շարունակվել են: Այդ աշխատանքները ոչ մի կերպ կապ չունեն ընտրությունների հետ, դրանք պլանավորված աշխատանքներ են, որոնց ծրագրի հետ կարող եք ծանոթանալ: Ձեզ ճիշտ տեղեկություն չեն ասել. ո՞վ է գազ տրամադրել, ես տեղյակ չեմ: Ասում են, հա՛, բայց Դուք ճշտե՛ք՝ դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում:
-Ըստ Ձեզ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ավելի լավ չէ՞ր կարող ղեկավարել Արցախի Հանրապետությունը, կարծես թե նրան ավելի շատ են սիրում եւ ընդունում արցախցիները:
-Գիտեք ինչ, առանց որեւէ մեկին նսեմացնելու, ուղղակի ես ասում եմ, որ  այս իրավիճակում միայն Բակո Սահակյանը կկարողանա շարունակել սկսած աշխատանքներն Արցախում: Վիտալի Բալասանյանը եթե իր մեջ ուժ է գտնում եւ կարծում է, որ կարող է պետություն ղեկավարել… Պատերազմից հետո ինքը ոչ մի կերպ իրեն չի դրսեւորել, որ ժողովուրդն իմանա՝ ինքն ինչ-որ աշխատանք է կատարել, ինչ-որ հարց է լուծել, պետության ղեկին ես իրեն չեմ տեսնում: Կարծում եմ՝ մեծամասնությունը չէր տեսնում, որովհետեւ մարդուն գնահատում են իր կատարած աշխատանքներով, այդ բանը ես չեմ տեսել:
-Որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ խնդրում եմ ասել, թե որն է քաղաքի այսօրվա ամենամեծ խնդիրը:
-Մենք պատերազմից դուրս եկած պետություն ենք, մայրաքաղաքում ջրամատակարարման ծրագիր ունենք, մեր ժողովուրդը տարիներ շարունակ երազում է շուրջօրյա ջրի մասին, որն այս տարիների ընթացքում հնարավոր չէր իրագործել, բայց շուտով մենք կավարտենք այդ աշխատանքները: Մայրաքաղաքում խնդիրները բազմազան են, մենք հարյուրավոր տուժած շենքեր ունենք, որոնց տանիքները ենթակա են վերակառուցման: Առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում մենք պետք է ավարտենք այդ աշխատանքները: 270-ից ավել բազմաբնակարան շենքեր կան, որոնք պատերազմի հետեւանքով վնասվել են, այդ տանիքների վերանորոգման աշխատանքը շատ կարեւոր է: Պետք է բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացնենք, այս տարիների ընթացքում շատ խնդիրներ են եղել՝ դրա հետ կապված:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս