Երեվանում կվերականգնվի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաեւ հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաեւ կանաչապատման ոլորտում Երեւանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները. “Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաեւ երեւանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեեւ արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով եւ նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր եւ մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երեւանը եւ մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին”,- նշել է քաղաքապետը
Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ` կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաեւ բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին. “Երեւանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաեւ, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ”,- ընդգծել է քաղաքապետը:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարեւորել է նաեւ Երեւանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձեւավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձեւավորման աշխարհում ընդունված եւ մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:
Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձեւավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաեւ գնդաձեւ ակացիաներով:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երեւանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ-ի համալիր ծրագիրը:




Լրահոս