ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԱՌԻԹԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ սիրիահայերին Հայաստանում պետք է գրկաբաց ընդունեն, այնպես, ինչպես անցած դարասկզբին Սիրիան է հայերին ընդունել: 
-Սիրիայում ստեղծված պատերազմական այս իրավիճակում Հայաստան գալ ցանկացող սիրիահայերը մեծ խոչընդոտների առջեւ են կանգնում:  Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:
-Շատ մեծ բան ինձ վրա վերցրած կլինեմ, եթե ինչ-որ լուծում տամ, այդ լուծման բանալին հաստատ իմ ձեռքում չէ: Այսօր այդ խնդիրն այնքան մեծ է, որ ոչ ոք դեռեւս լուծման բանալի չի կարող տալ: Սիրիահայերի հետ կապված իմ մոտեցումը հետեւյալն է. հայերն ունեն իրենց հոգեւոր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Սիրիան ժամանակին մեր հայերին գրկաբաց ընդունել է, եւ այդ երկիրն իսկապես երկրորդ հայրենիք է դարձել, մարդիկ այնտեղ կյանք են տեսել, շունչ են զգացել, ջերմություն են գտել եւ ոչ միայն գոյատեւել, ապրել են, այլեւ լուրջ դիրքերի են հասել սիրիական տնտեսության մեջ, կառավարման համակարգում եւ այլ ոլորտներում: Նրանք լուրջ առաջընթացներ են արձանագրել եւ արժանի քաղաքացի են դարձել: Եւ եթե այսօր այդ երկիրը խնդիր ունի, ուրեմն խնդիր ունի նաեւ բնակչությունը, խնդիր ունի Սիրիայի քաղաքացին, ուրեմն այդ թվում խնդիր ունի նաեւ Սիրիայի քաղաքացի հայը: Իմ կարծիքով՝ Սիրիայի հայ համայնքը պետք է քաղաքացիական կեցվածք դրսեւորի, համախմբված լինի, հանդես գա հանուն երկրի բարօրության: Իրենց ոչ ոք չի խանգարում գալ հայրենիք եւ վերաբնակվել այստեղ:
-Իսկ Ձեր հանձնաժողովը քննարկե՞լ է այս հարցը եւ ի՞նչ եզրակացության է եկել:
-Գիտեք, մենք հիմա գտնվում ենք արձակուրդում: Երբ ավելի սրվեց իրավիճակը, ու մամուլում շրջանառվեցին սիրիահայերի խնդիրները, այդ ընթացքում արդեն Ազգային Ժողովը արձակուրդում էր, եւ մենք այդ կապակցությամբ հանձնաժողովի նիստ չենք արել:
-Չե՞ք կարծում, որ սա այն խնդիրն է, որի քննարկման համար պետք է արտահերթ նիստ հրավիրել եւ փորձել լուծումներ գտնել: 
-Արտահերթ նիստի համար նախ եւ առաջ պետք է քվորում ունենանք, բայց կարծում եմ, որ մենք այս պահին քվորում չենք ապահովի, կարծում եմ՝ մեծ մասը հանգստանալիս կլինի:
-Ջավախահայերի խնդիրը դեռեւս “չմարսած”՝ հիմա էլ սիրիահայերի խնդիրն է…
-Ջավախքի հայերի խնդիրները ես չեմ մեկտեղում սիրիահայերի խնդիրների հետ, դա այլ գործընթացների հետ էր կապված: Սիրիայում այսօր ներքին իշխանությունների հետ կապված պայքար է, այնտեղ հեղափոխություն է: Վաղը Սիրիայում խաղաղություն է հաստատվելու, եւ սիրիահայերն այլեւս խնդիրներ չեն ունենալու:
-Արդյոք անբարոյական չեք համարում ,Արմավիաե ընկերության գործելաոճը, որը պատերազմական իրավիճակում գտնվող մեր հայրենակիցների հաշվին ցանկանում է լրացուցիչ շահույթներ ստանալ: 
-Ես, ճիշտն ասած, մամուլից եմ տեղեկացել այն մասին, որ Երեւան-Դամասկոս թռիչքի տոմսերը թանկացել են, եւ գիտեք ինչ, Հայաստանում մեր բիզնեսմենները ինչ-որ մի պահ ճիշտ չեն վարվում: Տեսե՛ք, ասենք ամբողջ աշխարհում ամանորի նախօրեին միշտ նկատվում է գների իջեցում, զեղչեր, որովհետեւ մարդիկ ավելի շատ են գնումներ կատարում, բոլոր երկրներում այդ պրակտիկան կա, իսկ Հայաստանում միշտ լինում է հակառակը, սկսվում է ինչ-որ ապրանքների դեֆիցիտ, թանկացում: Չգիտեմ, հնարավոր է՝ դա մտածողության հետ է կապված: Այդ կոնտեքստում եմ դիտարկում նաեւ այս իրողությունը, երբ այս խառը օրերին թանկացել են տոմսերը: 
-Պարո՛ն Թորոսյան, ՕԵԿ-ը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու է Վարդան Ղուկասյանին, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ձեր կոալիցիոն գործընկերը նման “յուրահատուկ” ցանկություն հայտնել:
-Ես ինձ իրավունք չեմ վերապահում պատասխանել այդ հարցին, այդ հարցերն իրավասու մարդկանց ուղղե՛ք:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս