Իրանցիներին գոհացնելու համար երևանցին արգելել է հայ տղամարդկանց մուտքը գիշերային ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Սայաթ-Նովա փողոցի «Արագ Քոմփանի» ՍՊԸ տնօրեն Արամ Կարապետյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` կավատությամբ զբաղվելու մեղադրանքով (ՀՀ ՔՊ 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին մաս):

2013 թվականի հունվարի 1-ից սկսած Արամ Կարապետյանը ղեկավարել է զվարճանքի վայր հանդիսացող «Պիրամիդա» գիշերային ակումբի գործունեությունը: Նա նպատակադրվել էր ստանալ առավել նյութական օգուտներ, ինչն ավելի հավանական դարձնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել երկու իրանցիների հետ:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է մեղադրական եզրակացությունից, նախորդ տարվա հունվարին նա նախնական համաձայնության է եկել ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող ԻԻՀ քաղաքացիներ Մահդի Զամուոի և Թահերե Բաբաթիի հետ, և 2014 թվականի փետրվարի 1-ից երեքով կազմակերպել են ակումբի գործունեությունը: 46-ամյա երևանցին ամեն կերպ փորձել է գոհացնել պարսիկներին, ինչից դրդված` գործել է մարմնավաճառների ծառայություններով հետաքրքրված ԻԻՀ քաղաքացիների գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ:

Այս նպատակով պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը գիշերային ակումբ Ա. Կարապետյանը դարձրել է անվճար, նրանց համար ակումբի բարից օգտվելիս կիրառել զեղչեր, ակումբում իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելել է հայ տղամարդկանց մուտքն ակումբ:

Այդպիսով պոռնկությամբ զբաղվելու համար մշտապես ապահովել է շուրջ 20-25 մարմնավաճառների ներկայությունն այնտեղ, ինչի շնորհիվ վերջիններս, ծանոթանալով և պայմանավորվելով ազգությամբ իրանցի այցելուների հետ՝ 25-30 հազար դրամ գումարի դիմաց այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ տեսակի ծառայություններ։

Արամ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: Դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը:




Լրահոս