Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց կալանավորված նախկին պատգամավորի պաշտպան Կարեն Սարդարյանը, ում խոսքով` իրենք դեռևս չգիտեն` հիվանդության ստույգ ախտորոշումը:

Կարեն Սարդարյանի փոխանցմամբ` իրենք քաղաքացիական հիվանդանոցից սրտաբանի և մի քանի այլ մասնագետների են կանչել, որպեսզի Հակոբ Հակոբյանին հետազոտեն, իսկ հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել:

«Իմ պաշտպանյալը դեռևս կալանավայրում է գտնվում: Իսկ այստեղ անհրաժեշտ բուժօգնությունը պատշաճ մակարդակով չի տրամադրվում: Հակոբ Հակոբյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցով դիմել ենք, սակայն դեռևս պատասխան չենք ստացել: Երբ բժշկական հետազոտությունների պատասխանները կլինեն, այդ ժամանակ մեկուսարանի տնօրինության պատասխանն ավելի հստակ կլինի»,- հայտնեց նախկին պատգամավորի պաշտպանը:

Վերջինս մեզ հայտնեց նաև, որ Հակոբ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կալանք նշանակելու որոշումը բողոքարկել են, և այն կլսվի փետրվարի 19-ին` Վերաքննիչ քրեական դատարանում:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը կալանավորվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեղադրանքով:




Լրահոս