Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իր կյանքին վերջ է տվել 14-ամյա Վարուժան Միրզախանյանը: Armlur.am-ի տեղեկություններով` տղան պարանով կախվել է իրենց տանը կից անասնագոմում:
Armlur.am-ի հետ զրույցում Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնեց, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի:
«Ասել է` առանց ինձ գնացե´ք. ես գործեր ունեմ: Այսպիսի դժբախտություն եղավ ոչ միայն նրա ընտանիքում, այլև դպրոցում, ողջ գյուղում: Բոլորիս թևաթափ արեց: Ոչ մեկս չենք կարողանում հասկանալ` ինչու պետք է նման բան աներ: Հետը երկու բառ էիր խոսում, աղջկա պես ամաչում կարմրում էր: Չէի ասի, որ բացարձակ գերազանց էր սովորում, բայց երբեք դասերին մատերի արանքով չէր նայում: Միշտ պարտաճանաչ մասնակցում էր: Երեկ էլ գրավոր էին գրել: Չենք պատկերացնում` ախր ինչո՞ւ պիտի այդպիսի բան աներ»,- հուզված ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով` թեև գյուղում կան տարբեր կրոնական կազմակերպություններ` «Եհավոյի վկաներ», «հիսունականներ», սակայն ինքնասպան եղած աշակերտի ընտանիքն էլ, Վարուժանն էլ առաքելական եկեղեցու հետևորդներ են, և տնօրենի համոզմամբ` նմանատիպ որևէ ազդեցություն տղային այդ քայլին դրդել չէր կարող:
«Ընտանիքը սոցիալական նորմալ պայմաններում է ապրում: Տղայի հայրը հաճախ արտագնա աշխատանքների է գնում: Ոչ մի բանից իրենց երեխաներին չեն կտրել: Բոլոր խմբակներին Վարուժանը մասնակցել է, մրցումներին մշտապես բարձր տեղեր է գրավել, միշտ հպարտացել ենք նրանով»,- շարունակեց Արծրուն Խաչատրյանը` հավելելով, որ Վարուժանը տան ավագ երեխան էր, և 6-րդ դասարանում սովորող քույր ունի ու 1 տարեկան եղբայր:
Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ դեպքի հանգամանքները պարզվում են: