«Սպի». «կեղծ խոստովանությո՞ւն», թե՞ «սրտառուչ պատմություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը Հայաստանում տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց: Օրերս համացանցում բուռն քննարկման թեմա դարձավ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի գրախոսականը` «Սպի. կեղծ խոստովանություն» վերնագրով: Նա նշել էր, որ ֆիլմին շատերն էին սպասում, եւ հատկապես նրանք, ովքեր հավատում էին, որ այն անդրադարձ է Մեծ եղեռնին եւ կարող է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Ֆիլմը դիտելուց հետո հասկանալի է դառնում, որ «Սպին» ո՛չ նալին է խփում, ո՛չ մեխին, ավելին` հեղինակի դիրքորոշումն էլ ամեն գնով քողարկվում է»,-նկատել է կինոքննադատը:

Փոխարենը` նրան հիացրել է մեկ այլ թուրք ռեժիսորի` Դեւրիմ Աքայայի «Դիյար» («Հողը») ֆիլմը, որում, ըստ նրա, առկա է խորը ցավ դարեր առաջ կատարված ոճրագործության առնչությամբ: Մեր այն հարցին, թե ինչու «Սպի»-ն Հայաստանում մեծ տարածում գտավ, իսկ «Հող»-ը` ոչ, Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց. «Մենք տառապում էինք մի մտքով, որ մի հայտնի ռեժիսոր նկարի ցեղասպանության մասին ֆիլմ, եւ ուղղակի ցնծության մեջ հայտնվեցինք` իմանալով, որ հերիք չէ` նկարողը հայտնի ռեժիսոր է, նաեւ ազգությամբ թուրք է: Ու բոլորին թվում էր, թե մի «Շինդլերի ցուցակ» է նկարվելու, բայց արդյունքում նա նկարեց վատ կինո, որը հաշվարկված է, եւ ուղղակի չի արտահայտում կատարվածի իրական պատկերը»:

Իսկ, ահա, մեկ այլ կինոգետ Զավեն Բոյաջյանն էլ, անդրադառնալով «Սպի» ֆիլմին, «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է, որ այն սրտառուչ ու մարդկային պատմություն է, հայանպաստ կինոգործ, նաեւ որով Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչվել աշխարհում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ կարծիք ունի կինոգետը Րաֆֆի Մովսիսյանի այն գնահատականի վերաբերյալ, ըստ որի՝ «Սպի»-ն որեւէ տեսարանում կամ նույնիսկ ենթատեքստում չի հակադրվում պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, Զավեն Բոյաջյանը պատասխանեց. ««Սպի»-ն գեղարվեստական ֆիլմ է, որը պաշտոնական Անկարայի դիրքորոշման հետ առնչություն չունի, քանի որ քաղաքական մանիֆեստ չէ: Ավելին՝ կասեմ, որ ֆիլմը եւ ռեժիսորը, ի տաբերություն պաշտոնական Անկարայի, բնավ չեն ժխտում Հայոց ցեղասպանությունը, եւ ֆիլմը նկարելու ռեժիսորական շարժառիթներից մեկը հենց այդ մերժմանն ու լռությանը հակադրվելու մղումն է եղել, ինչպես քանիցս նշել է Աքինը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս