Գյուղնախարարի ներկայացրած «վարդագույն» պատկերը շատ հեռու է իրականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ Կառավարությունում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշեց, որ հաշվետու տարում ՀՀ համախառն ներքին արդյունքի մեջ արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ: Սակայն ՀՀ գլխավոր գյուղատնտեսի ներկայացրած տվյալները հակասական են:
Սերգո Կարապետյանի խոսքով՝ բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, անասնապահությանը՝ 7.8 տոկոսով:

Նկատենք, որ նախորդ տարին գյուղատնտեսության համար առանձնապես բարենպաստ չէր ցրտահարությունների պատճառով: Օրինակ` հայկական հիմնական ապրանքանիշը՝ ծիրանը, նախորդ տարի չկար: Ավելին՝ այն նույնիսկ ներմուծվում էր ՀՀ եւ շուկայում վաճառվում մինչեւ 2000 դրամով: Իսկ դա նշանակում է, որ ծիրանի առումով արտահանման եւ ներքին շուկայի պահանջարկի սպասելիքները չարդարացվեցին: Իհարկե, տարին բարեբեր էր միայն դեղձի համար, բայց արդյոք դեղձի տվյալներով հնարավոր է աճ ապահովել:

Անդրադառնալով բուսաբուծության աճին՝ նշենք, որ տարին բարեբեր չէր նաեւ կարտոֆիլի բերքի տեսանկյունից, մինչդեռ Հայաստանը մշտապես համարվել է կարտոֆիլի մշակությամբ զբաղվող կենտրոն: Այսինքն՝ մեր երկրի՝ հատկապես որոշակի տարածաշրջաններում կարտոֆիլի աճի համար բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված: Այս առումով դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է ինքնաբավ երկիր, եւ ներքին շուկայի ամբողջ պահանջարկը հնարավոր է եղել բավարարել: Իսկ այսօր կարտոֆիլի շուկայում անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Վերջին երկու տարիներին կարտոֆիլի գինը երեք անգամ բարձրացել է, այսինքն՝ այսօր տեղական շուկայում միջինը 250 դրամով վաճառվող կարտոֆիլը նախկինում հնարավոր էր գնել 80-100 դրամով:

Մինչդեռ սա ապրանքատեսակ է, որը ո՛չ ներկրվում է, ո՛չ էլ դոլար-դրամ փոխարժեքի հետ կապ ունի: Ուստի ընդհանուր գնաճի ֆոնին կարտոֆիլի գինը ոչ թե պետք է եռապատկվեր, այլ գոնե մնար նույնը, եթե, իհարկե, լիներ ներկայացված բերքատվության աճը: Բացի այս՝ տեղեկացնենք, որ նախորդ տարի ոչ բոլոր մարզերի բնակիչներն են կարտոֆիլի մշակությամբ զբաղվել: Օրինակ՝ Շիրակի մարզում մարդիկ ջուր չեն ունեցել, այս պատճառով էլ կարտոֆիլ չեն մշակել, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել կարտոֆիլի արտադրության ծավալների վրա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչ տարեվերջ Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար 100 տոննա կարտոֆիլ, իսկ 2013-ի նոյեմբերի տվյալներով՝ այն կազմել է մոտ 11 հազար 700 տոննա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս նախորդ տարի գրել էր, որ 2014 թվականին արտահանված 20 հազար 600 տոննա կարտոֆիլը եղել է 2013 թվականի բերքը: Մինչդեռ Սերգո Կարապետյանի պնդմամբ՝ բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով:

Բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալի աճի մասին խոսելիս լավ կլինի, որ ՀՀ գլխավոր գյուղատնտեսը չանտեսի նաեւ այն հանգամանքը, որ նախորդ տարի Արմավիրի, Արարատի, Շիրակի մարզերի մի քանի տասնյակ գյուղեր կանգնեցին ոռոգման ջրի խնդրի առաջ: Նրանք օրերով չէին կարողանում իրենց հողատարածքները մշակել, քանի որ ջուր չունեին: Ավելին՝ նախորդ տարին Կառավարությունը համարեց սակավաջուր տարի: Իսկ, ահա, Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղեր ձկնաբուծարանների գործունեության արդյունքում արդեն մի քանի տարի է, ինչ իրենց հողատարածքները չեն մշակում:

Այս խնդիրներից բացի՝ հայ գյուղացին անցած տարի տուժեց նաեւ տարերային աղետներից՝ կարկուտից, ցրտահարությունից: Արմավիրի, Արարատի մարզերում հարյուրավոր հեկտարներով պտղատու այգիներ վնասվեցին, սակայն նրանց սեփականատերերի մի մասի համար, միայն որպես փոխհատուցում, կրճատվեցին ջրի եւ հողի հարկերը: Այն դեպքում, երբ գյուղացիների կրած վնասներն անհամեմատ ավելին էին:

Ըստ գյուղնախարարի` գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկել արդյունաբերության համախառն արտադրանքի 38.4 տոկոսը: Այստեղ եւս հակասություն կա. այդ ինչպե՞ս է ստացվում, երբ նման ընկերությունները շարունակաբար, գրեթե առանց բացառության, արտադրության ծավալների անկման մասին են խոսում, անգամ դժվարանում են գյուղացիներից վերցրած ապրանքի դիմաց վճարում կատարել: Էլ չասած այն ընկերությունների մասին, որոնք արդեն իսկ սնանկացել են: Փակման եզրին կանգնած ընկերություններից է, օրինակ, «Բորոդինո» պահածոների գործարանը, որը տեւական ժամանակ է, ինչ ֆինանսական խնդիրներ ունի: Թեեւ չարժի մոռանալ այն հանգամանքը, որ այս ոլորտում առաջատարը «Արտֆուդն է», որն ըստ շրջանառվող լուրերի՝ պատկանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

Անդրադառնանք անասնապահությանը. ՀՀ գլխավոր գյուղատնտես Սերգո Կարապետյանի խոսքով՝ անասնապահությունն աճել է 7.8 տոկոսով, ինչը եւս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ի վերջո, եթե իրոք նման աճ կա, ապա ինչու են ե՛ւ մսամթերքը, ե՛ւ կաթնամթերքը շարունակաբար թանկանում, այն դեպքում, երբ չի արտահանվում: Ավելին՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները կաթնամթերքի թանկացումը պատաճառաբանում են կաթի գնի բարձրացումով, որն էլ կաթի պակասի պատճառով է ստեղծվում:

Այս փոքրիկ անդրադարձն անգամ ակնհայտ է դարձնում, որ ՀՀ գյուղնախարարի ներկայացրած «վարդագույն» պատկերը շատ հեռու է իրականությունից: Եվ չնկատել դա, ուղղակի հնարավոր չէ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս