Սևանում նավթի ու գազի որոնումը մտահոգիչ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանում նավթի եւ գազի որոնողական աշխատանքների կապակցությամբ Երեւանի «Օրհուս» կենտրոնում օրերս հանրային քննարկում տեղի ունեցավ, որին հրավիրված էին շահագրգիռ բոլոր կողմերը՝ «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաեւ՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում ընկերության` ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը:

Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը` Հայրիվանքը, Ծաղկաշենը, Նորատուսը: Տեղեկացնենք, որ դեռեւս 2007թ. ապրիլի 27-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների եւ «Բլեքսթերզ Էներջի» ընկերության միջեւ կնքվել է նավթի երկրաբանական հետախուզական եւ արտադրանքի բաժանման պայմանագիր:
«Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի ֆինանսական եւ ադմինիստրատիվ տնօրեն Քրիստինե Վարդանյանը հանրային քննարկման ընթացքում Գեղարքունիքի մարզում 2015-2016թթ. 4-րդ պայմանական տարածքում երկրաբանական հետախուզական աշխատանքների վերաբերյալ որոշ տվյալներ ներկայացրեց:

Բնապահպաններն ու գիտնականները «Բլեքսթերզ էներջի Արմենիա»-ի ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե ընկերությունն ինչ նպատակով է իրականացնելու այդ աշխատանքները: Պարզվեց, որ արդյունաբերական պաշար հայտնաբերելու դեպքում՝ արտադրական նպատակներով: Սակայն բնապահպաններն անհանգստացած են Սեւանում նավթ ու գազ որոնելու հեռանկարներով:
Վերջիններս խորհուրդ տվեցին ի սկզբանե հեռու մնալ Սեւանից, քանի որ այնտեղ ոչ մի հորատման աշխատանք չի կարող անգամ ուրվագծվել: Իսկ ընկերության ներկայացուցիչները մեջբերեցին Սեւանի մասին օրենքը եւ վստահեցրին, որ ընկերության գործունեությունը կսահմանափակվի միայն Սեւանի ավազանում երկրաբանահետախուզական աշխատանքներով:

Իրավաբան Արթուր Գրիգորյանն ընկերության ներկայացուցիչներին առաջարկեց փոփոխություն մտցնել պայմանագրում եւ հստակեցնել՝ Գեղարքունիքի մարզում ուսումնասիրման աշխատանքներ իրականացվում են ընդհանուր երկրաբանական իրավիճակը պարզելո՞ւ համար, թե՞ հետագայում ընդերքօգտագործման նպատակով: Սակայն ընկերության ներկայացուցիչները խորհուրդ տվեցին այդ առաջարկը ներկայացնել բնապահպանության նախարարություն: Առաջիկայում տեղի կունենան նաեւ հորատման աշխատանքների վերաբերյալ հասարակական լսումներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս