«Եթե մշակույթի նախարարն ուղեղին զոռ տա…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարեն Մամիկոնյան բենդ»-ի հիմնադիր, մի շարք բենդերի («The Birds», «Ռեինկարնացիա», «Armenian Navy Band» եւ այլն) անդամ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանը փաստում է, որ Երեւանում ջազի սիրահարները մեծ թիվ են կազմում, եւ որպեսզի որակյալ երաժշտությունը հասանելի լինի հասարակության լայն շերտերին, անհրաժեշտ է նրանց ագիտացնել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե մեր մշակույթի նախարարությունը հոգա, որ կազմակերպվեն գարնանային, ամառային, աշնանային փառատոններ, հնարավոր կլինի որակյալ երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել:

-Կարե՛ն, այս տարի ո՞ր երկրներում եք մտադիր լինել եւ ի՞նչ միջոցառումների եք պատրաստվում մասնակցել:

-Ծրագրում ենք առաջիկայում մեկնել ԱՄՆ, հունիսին` Ֆրանսիա` մասնակցելու Կաննում հայկական մշակութային օրերի շրջանակներում անցկացվելիք փառատոնին:

-Որոշ ժամանակ առաջ համացանցում կրկին շրջանառվում էր մի հոլովակ, որում Դուք եւ ջազմեն Միշ Ամիրյանը ջազ էիք մատուցում անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանում: Արդյո՞ք սա անուղղակի քարոզ չէր` ուղղված երաժիշտներին, որպեսզի նրանք դուրս գան համերգասրահներից ու որակյալ երաժշտությունը հասարակության լայն շերտերին հասցնեն ամիջական շփման արդյունքում:

-Այդ լայն շերտերին անհրաժեշտ է նախեւառաջ համապատասխան ձեւով ագիտացնել: Որակյալ երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել, իհարկե, հնարավոր է: Եթե մեր մշակույթի նախարարությունն իր նախարարով ուղեղին մի քիչ զոռ տա, կարող է կազմակերպել գարնանային, ամառային, աշնանային փառատոններ, որոնք բավական ընդունված են եվրոպական եւ անգամ մեր հարեւան երկրներում: Չգիտեմ, թե դրանք ինչու են մեզ մոտ բացակայում: Փոխարենը կարող են այդ փառատոնների պահանջելիք գումարից 3-4 անգամ ավել ծախսել Հանրապետության հրապարակում ֆոնոգրամայի ներքո անցկացվող ինչ-որ աստղերի համերգների համար:

-Բացօթյա համերգներն իրական երաժշտասերներին «որսալու» լավ հնարավորություն են ընձեռում: Նրանց թիվը մայրաքաղաքում մեծ է՞, թե՞ փոքր:

-Արդեն երկու տարի է` Կասկադում, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում, ինքս ջազ համերգներ եմ կազմակերպում: Եվ ինձ հաճելիորեն զարմացնում է այն հանգամանքը, որ դրանք բավական մեծ լսարան են հավաքում, որոնք ունեն նույն օրն այլ ժանրի երաժշտություն ուկնդրելու այլընտրանք: Փաստորեն, Երեւանում այդքան ջազ սիրողներ կան…

-Երեւանում երբեմն-երբեմն հյուրընկալում ենք համաշխարհային հռչակ վայելող լեգենդների, մեր երաժիշտները հնարավորություն են ստանում նրանց նվագակցել մեկ բեմում: Այս ամբողջ գործընթացում կա՞ մի տեղ, որում հայաստանյան կողմը դեռեւս թերանում է:

-Սկսենք այնտեղից, որ այդ լեգենդներին շատ քիչ են հրավիրում այստեղ: Ի դեպ, կան տոկոսային առումով առավել քիչ ճանաչված արտիստներ, որոնք պակաս պրոֆեսիոնալ չեն, եւ որոնց Հայաստան բերելը կապված չէ մեծ ծախսերի հետ, բայց դա չի արվում: Վերջին անգամ ջազ լեգենդներից Հերբի Հենքոքն էր եկել Երեւան, սակայն նրա համերգից, անկեղծ ասած, ոչ ոք ոչինչ չհասկացավ: Այնպիսի տպավորություն էր, որ հանդիսատեսը պարզապես հաճույք էր ստանում, որ բեմից անմիջապես տեսնում էր Հենքոքին, այսքանը:

top_xachmerukner_top

Բացի այդ` այդպիսի պրոֆեսիոնալ աստղին բերել Հայաստան ու այստեղի երաժիշտների հետ գոնե մեկ ժամանոց մաստեր-կլասի անցկացնելու հանարավորություն չընձեռել չէր կարելի: Դա աշխարհում ընդունված միտում է, իսկ, ահա, մեզ մոտ աստղին բերում են, կոնֆետի նման հեռվից ցույց են տալիս ու տանում:

-Բենդի անդամների հետ բեմում իմպրովիզներ անելը Ձեզ համար սովորական բան է, որքանով շփվել եք, ի՞նչ կասեք` հայ աստղերից ովքե՞ր են իմպրովիզների սիրահար:

-Ընդհանուր առմամբ, հայ աստերը մեծ իմպրովիզների սիրահարներ են, բայց դրանք երաժշտության հետ կապ չունեն (ծիծաղում է): Իսկ այն, ինչ տեղի է ունենում ակումբներում, ո՛չ շոու-բիզնեսի, ո՛չ աստղերի հետ բացարձակ չի առնչվում: Այնտեղ ավելի համեստ, գրագետ մարդկանց միջավայր է, իսկ հենց բանը հասնում է շոու-բիզնեսին, համը դուրս է գալիս:

timthumb

-Ասում են` ջազն ու բլյուզը ամենաապաքաղաքականացված երաժշտական ժանրերն են. համաձա՞յն եք:

-Կարծում եմ` դրանք ոչ մի գործընթացի չեն խանգարում, դեռ մի բան էլ` օգնում են: Որքան որակյալ երաժշտության լսարանը մեծանա, այնքան մեր երկրի ապագան էլ լավը կլինի, քանի որ լավ երաժշտություն սիրողը նաեւ լավ մարդ է լինում:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ BRAVO.am




Լրահոս