Նժդեհի արձանը կերտվում է. Զորավարը և գաղափարախոսը` Նժդեհի քանդակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական շրջանակներում բազում քննարկումների առիթ դարձած եւ քննադատությունների կիզակետում հայտնված հայ ականավոր պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի ճակատագրով հետաքրքրվողները որոշ ժամանակ առաջ բավական ակտիվ էին, իսկ վերջերս, կարծես, այս թեմայի շուրջ խոսակցությունները նվազել են:

«Ժողովուրդ»-ը արձանի հեղինակից` Գագիկ Ստեփանյանից, հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են այժմ տարվում քանդակի վրա եւ պարզել, որ այն դեռեւս պատրաստման փուլում է, հեղինակը` ստեղծագործական պրոցեսում: Նրա խոսքով` արձանը մայրաքաղաքում կտեղադրվի նոյեմբերին, Նժդեհի անվան պուրակում: Մեր այն հարցին, թե ինչպես է քանդակագործը վերաբերում բոլոր այն քննադատություններին, ըստ որոնց՝ տրամաբանական կլիներ, եթե Նժդեհի արձանը տեղադրվեր նրա անվան հրապարակում, Գ. Ստեփանյանը պատասխանեց հակիրճ. «Այս պուրակի տեղը հաջող է, քանդակն այստեղ շատ լավ կդիտվի»:

Քանդակագործի խոսքով` ինքը ներդնում է իր ողջ իմացությունն ու ֆիզիկական հատկությունները, որպեսզի Նժդեհին արժանավայել արձան ստանա:
Մեր այն հարցին, թե Նժդեհի հատկապես որ հատկանիշներն է փորձել արտացոլել արվեստագետն իր քանդակում, Գ. Ստեփանյանը պատասխանեց. «Դրանում ակնառու կլինեն հայ հանճարեղ զորավարի, ռազմագետի, գաղափարախոսի եւ, վերջապես, անկոտրուն ասպետի հատկանիշները»:

Հիշեցնենք, որ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լեւոն Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ քանդակի նախնական տարբերակի ձեռքին սուր է եղել, սակայն «վերեւներից» որոշել են այն վերացնել:
«Հիմա Նժդեհն ավելի պաթետիկ տեսք ունի` մի ձեռքը ծալված, մյուսը` առաջ բերված: Արձանն ավելի շատ հռետորի, այլ ոչ թե զորավարի տպավորություն է թողնում»,-շուրջ երեք ամիս առաջ կարծիք էր հայտնել Թոքմաջյանը:

Իսկ օրերս էլ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ տեղի է ունենալու գեղխորհրդի նիստ, որի շրջանակում անցկացվելու է փուլային քննարկում. դրանից հետո, նրա խոսքով, հնարավոր կլինի կոնկրետ գնահատականներ տալ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս