Կառավարությունը խոստովանեց իր սուտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը հրատապ կարգով խորհրդարան է ուղարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը գործադիրն անհետաձգելի է ճանաչել, այսինքն՝ այն պետք է քննարկվի արտահերթ: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը չհասցրեց այդ օրինագիծն այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի ընթացքում քննարկել: Երեկ ՀՀ Կառավարությունը արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշեց մարտի 3-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Այդ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են վեց օրենսդրական փաթեթներ եւ մեկ միջազգային փաստաթղթի վավերացում: Բնականաբար «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը եւս ընդգրկված է երեքշաբթի կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ գործարարների շրջանում աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ անցած տարի Կառավարությունը փորձեց կիրառության մեջ դնել այն դրույթները, ըստ որոնց, այդ հարկատեսակով հարկվող ընկերությունները պարտավոր էին իրենց ողջ շրջանառությունը փաստաթղթավորել, հակառակ դեպքում նրանք սկզբում կտուգանվեին, այնուհետեւ կտեղափոխվեին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտ: Շրջանառության հարկը կիրառելի է այն ընկերությունների նկատմամբ, որոնց շրջանառությունը նախորդ հարկային տարում չի գերազանցել 58,35 միլիոն դրամը: Առեւտրի նկատմամբ շրջանառության հարկը սահմանվել էր 1 տոկոս, իսկ արտադրության նկատմամբ 3,5 տոկոս: Ի դեպ, առեւտրի դեպքում շրջանառության հարկի 1 տոկոսը ներդրվեց շրջանառության պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետ միասին, մինչ այդ նշված հարկը 3,5 տոկոս էր:

Սակայն, ինչպես հայտնի է, փոքր եւ միջին ձեռներեցներն այս փոփոխության դեմ բողոքի ալիք բարձրացրին, քանի որ նրանք պնդում են, որ իրենց չի հաջողվի իրենց ողջ գործունեությունը փաստաթղթավորել, այն պարզ պատճառով, որ խոշոր ներկրողները փասատաթուղթ չեն տրամադրում: Իսկ խոշոր ներկրողների սեփականատերերն, ինչպես հայտնի է, օրենքի նախագծի հեղինակներն ու ստվերային տնտեսության դեմ ի պաշտոնե պայքարող պաշտոնյաներն են: Թերեւս դա էր պատճառը, որ Կառավարության պնդումը, թե պարտադիր փաստաթղթավորումը խոշորներին ստվերից հանելու նպատակ ունի, ոչ ոք լուրջ չընդունեց, քանի որ պարզից էլ պարզ է, որ Կառավարության անդամ եւ պատգամավոր օլիգարխներն իրենք իրենց դեմ չէին պայքարելու:

Ինչեւէ, ձեռներեցների դժգոհությունների արդյունքում «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված վերը նշված փոփոխության կիրառումը երկու անգամ հետաձգվեց: Այս անգամ Կառավարությունը կարծես թե փորձում է խնդրին այնպիսի լուծում տալ, որ թեման միառժամանակ օրակարգից հանվի: Խորհրդարան ներկայացրած նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքից հանել այն դրույթները, ըստ որոնց, շրջանառությունն ամբողջությամբ փաստաթղթավորելը պարտադիր է: Միաժամանակ առեւտրի դեպքում շրջանառության հարկը կսահմանվի ոչ թե 1 տոկոս, այլ 5 տոկոս: Առաջարկվում է փոխել նաեւ շրջանառության հարկի շեմը՝ 58,35 միլիոն դրամից այն դարձնելով 113,4 միլիոն: Այսպիսով՝ Կառավարությունը նախ խոստովանում է, որ նախորդ տարբերակի իրական նպատակը փոքր եւ միջին ձեռներեցների հարկային բեռը ավելացնելն էր, քանի որ նրանք չէին կարողանա իրենց ողջ շրջանառությունը փաստաթղթավորել եւ կտեղափոխվեին ԱԱՀ դաշտ:

Այժմ արդեն, երբ Կառավարությունը համոզվել է, որ նման «ժուլիկությամբ»` մարդկանց սննկացումը որպես լավություն ներկայացնելով, հնարավոր չէ խնդիրը լուծել, որոշել են ուղղակի շրջանառության հարկի տոկոսը բարձրացնելով՝ փոքր եւ միջին ձեռներեցներից հավելյալ հարկեր գանձել: Այլ կերպ ասած՝ այս նախագծով Կառավարությունը խոստովանեց, որ նախորդ կարգը արդարացնելու համար մինչ այս ներկայացված բոլոր հիմնավորումները սուտ են եղել, իրականում իրենց նպատակը փոքր եւ միջին ձեռներեցներից լրացուցիչ հարկեր գանձելն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս