Ինչ մահացու մեղքերի մեջ են մեղադրում Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն Ազատության հրապարակում.

«Սիրելի՛ հայրենակիցներ, տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել»,- այսօր հանրահավաքին իր ելույթում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Հայաստանի ավազակապետական իշխանությունները, բռնապետություններին հատուկ ցինիզմով, չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների, եւ թե՛ նույնիսկ միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եւրոմիության ընդունած բանաձեւերի ու հայտարարությունների վրա։ Նման պահվածքով նրանք, ըստ էության, բացեիբաց հայտարարում են` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակոծել ենք. պետք լինի, էլի կանենք։ Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետեւ եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն այլեւս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին, եւ բռնապետությունը պարզապես կփլուզվեր։

Բոլոր բռնապետություններն էլ բնազդաբար ձգտում են մոռացության մատնել իրենց գործած ոճրագործությունները, եւ Հայաստանի ավազակապետական վարչախմբի վարքագիծն այս իմաստով ամենեւին բացառություն չպետք է համարել, եթե նկատի ունենանք այն ահռելի ջանքերը, որոնք վերջինս գործադրում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու եւ հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։ Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ո՛չ հոկտեմբերի 27-ի, ո՛չ էլ մարտի 1-ի ոճրագործությունները չեն բացահայտվելու եւ դրանց բուն կատարողներն ու կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սակայն այս դառն իրողության հաստատումն ամենեւին չի նշանակում, թե հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը պետք է հուսահատվեն ու թեւեթափ լինեն դրանից, այլ, ընդհակառակը, պարտավոր են բազմապատկել իրենց ջանքերը` չդադարող զանգվածային միջոցառումների եւ հետեւողական օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լիակատար արդարադատության հասնելու նպատակով։

Քանզի մոռանալ, նշանակում է ներել։ Իսկ մոռացված, հետեւաբար, ներված ոճրագործությունը, որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, եւ Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր` թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս