«Գագիկ Ծառուկյանը վտանգ է Սերժ Սարգսյանի համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ավելի վաղ ԲՀԿ` արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հորդորել էր չհեռանալ քաղաքականությունից: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Արամ Հարությունյանը, ով համագործակցում էր Ծառուկյանի և համաժողովրդական շարժման հետ: Վերջինիս համար միայն կա Սերժ Սարգսյանի ելույթը և Գագիկ Ծառուկյանի պատասխանը, և նրա համար Գագիկ Ծառուկյանը հենց նման պատասխան տվող Գագիկ Ծառուկյանն է:

«Իսկ հիմիկվա Գ. Ծառուկյանը պատանդ է, և իր ու իր ընտանիքի վրա ուղղված է ամենամեծ վտանգ: Ինչ կանի Գագիկ Ծառուկյանը հետո, չեմ կարող ասել»,- ասաց Արամ Հարությունյանը:

Հարցին` շարունակելու է համագործակցել ԲՀԿ-ի հետ, Հարությունյանը պատասխանեց. «Իմ համար ԲՀԿ-ն գրասենյակները չեն: Իմ համար ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ելույթին տեր կանգնած մարդիկ են: Ես ինքս տեր եմ կանգնել, մինչև հիմա էլ տեր եմ Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանին պատասխան ելույթին»,- ասաց նա: Այսինքն` ըստ էության, չպատասխանեց հարցին:

Հարությունյանի խոսքով` ԲՀԿ-ն այլևս նախկին իշխանափոխություն, նախագահական ընտրություններ պահանջող կուսակցությունը չէ: «Իմ համար «Բարգավաճ» որպես այդպիսին կուսակցություն չկա: Գագիկ Ծառուկյանն ընտանիքով պատանդի կարգավիճակում է, որից ոչ մի բան պահանջել պետք չէ: Ծառուկյանը կենդանի վիճակով վտանգավոր է լինելու Սերժ Սարգսյանի համար»,- եզրափակեց Արամ Հարությունյանը:

Իսկ համաժողովրդական շարժման և Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցողներից Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց` ԲՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու մասին կմտածի, նոր կորոշի` շարունակում է, թե` ոչ:




Լրահոս