Որքան մարդ է արտագաղթել Հայաստանից վերջին տարիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից արտագաղթի պատճառների մասին շատ է խոսվել, սակայն մասնագիտական կարծիք, որը հիմքում կունենա այդ նպատակով անցկացված հետազոտության տվյալներ, որպես կանոն, չի ներկայացվում: Մասնավորապես, ամենավերջին նման հետազոտությունն անցկացվել է 2013 թվականին, իսկ դրա արդյունքներն ամփոփվել են 2014-ին: Սակայն այդ փաստաթուղթը մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի հրապարակվել:

Բայց հետազոտությանը մասնակցել են նաեւ միջազգային կազմակերպություններ, որոնք իրենց կայքերում, պարզվում է, հրապարակել են այդ փաստաթուղթը, որի ուսումնասիրությունից բավական ուշագրավ տվյալներ են հայտի դառնում: Մասնավորապես, «ՀՀ բնակչության միգրացիոն պոտենցիալը» բաժնից տեղեկանում ենք, որ հարցված մոտ ութ հազար տնային տնտեսությունից այդ պահին արտագաղթելու որոշում կայացրածները կազմել են 7,4 տոկոս, իսկ 84,5 տոկոսը կա՛մ մտադիր չեն արտագաղթելու, կա՛մ էլ առնվազն նման որոշում դեռ չունեն:

Հարցվածների 8,1 տոկոսը պատասխանել է, որ արտերկրում արդեն իսկ ունի ընտանիքի անդամ: Մեկ այլ աղյուսակում ներկայացված է ՀՀ բնակչության միգրացիոն պոտենցիալը` արդեն բնակչության կոնկրետ թվերով, այսինքն՝ տոկոսներով պայմանավորված ներկայացրել են ողջ հանրապետության կշռված պատկերը: Արդյունքում ստացվել է, որ հարցման պահին 213 հազար 468 մարդ արդեն իսկ որոշած է եղել արտագաղթել եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարել, իսկ 296 հազար 632-ը արտերկրում ունեն ընտանիքի անդամներ: Այս աղյուսակում, սակայն, ուշագրավը վերջին տողն է, որը արտացոլում է Հայաստանի ողջ բնակչության թիվը, ըստ այդմ, այն կազմել է 2 միլիոն 690 հազար 917 մարդ: Ի դեպ, որեւէ տեղ նշված չէ, թե այդ թիվը որտեղից է ստացվել, բայց այն պաշտոնական է, եւ կարող ենք ասել, որ բավական արժանահավատ է 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսների համար:

Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013 եւ 2014 թվականներին Հայաստանից արտագաղթել է (Հայաստանից մեկնել, չի վերադարձել) ընդհանուր 89 հազար 75 ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ ստացվում է՝ Հայաստանի բնակչության թիվը ներկայումս կազմում է 2 միլիոն 600 հազար մարդ:
Ի դեպ, արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է, արտագաղթել պատրաստվող հարցվածների 76 տոկոսը նշել է, որ հենց այդ երկիր է պատրաստվում մեկնել, 7,5-ը նշել է եվրոպական միության անդամ երկրները, իսկ 7,2 տոկոսը` ԱՄՆ-ը:Ըստ հետազոտության՝ երկրի ընտրության հարցում որոշիչը այն հանգամանքն է, որ ՌԴ կարելի է մեկնել առանց վիզայի, իսկ ԵՄ անդամ երկրներ եւ ԱՄՆ մեկնելու համար ապագա միգրանտները պետք է կարողանան վիզա ձեռք բերել:

Այս փաստաթղթի համաձայն՝ 1988 թվականից մինչեւ 2001 թվականը Հայաստանից արտագաղթել է մոտ մեկ միլիոն 100 հազար մարդ, 2001 թվականից մինչեւ 2007 թվականը` մոտ 150 հազար մարդ, 2007-ից մինչեւ 2013 թվականը` շուրջ 210 հազար մարդ, կամ տարեկան միջինը՝ 35 հազար հոգի: Ի դեպ, 2007-ից հետո արտագաղթի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Երեւանում` 41 հազար մարդ, հաջորդը Շիրակի մարզն է՝ 39 հազար ցուցանիշով, իսկ երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 26 հազար ցուցանիշով:

Փաստաթղթի համաձայն՝ միգրացիայի, կամ նույն է թե՝ արտագաղթի հիմնական պատճառը «տնտեսական գործոններն» են: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ եթե Հայաստանում տնտեսության վիճակը չկարգավորվի, ապա արտագաղթը ոչ միայն չի դադարի, այլ նաեւ ավելի կուժեղանա:

Ի դեպ, այն փաստը, որ նման ուսումնասիրություններ անցկացվում են, սակայն ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափում են դրանք պաշտոնապես հրապարակելուց, պայմանավորված է այն պարզ պատճառով, որ ընթերցողի մոտ կարող է առաջանալ հասարակ մի հարց՝ իսկ ինչու իշխանություններն անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում, որպեսզի մարդիկ այստեղ կարողանան ինքնադրսեւորվել եւ չարտագաղթեն:

Այս հարցն, ի վերջո, կհանգեցնի այն մտքին, որ ներկա իշխանությունները ի վիճակի չեն իրավիճակը փոխելու, քանի որ նրանք «սնվում» են բոլոր այն երեւույթներից, որոնք էլ ընկած են արտագաղթի հիմքում: Ուստի իշխանությունները, ի վերջո, որոշում են, որ իմաստ չունի նման փաստաթղթերը պաշտոնապես հրապարակել, որպեսզի նաեւ ստիպված չլինեն դրա հետ կապված պարզաբանումներ տալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս