«ՌՈՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԻՄԱԼ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՓՈՓԻՆ»

«ՌՈՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԻՄԱԼ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՓՈՓԻՆ»

Վերջին շրջանում «Empyray»-ի երկրպագուներն անհանգստացած են ռոք խմբի պասիվ գործունեությունից: Նրանք վաղուց արդեն նորություն են ակնկալում խմբից, սակայն այն, կարծես թե, ուշանում է: «Ժողովուրդ»-ը դրա պատճառների մասին զրուցել է երաժիշտ, երաժշտագետ, «Empyray» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանի հետ: Վերջինս անդրադարձել է նաեւ ռոքի զարգացման համաշխարհային միտումներին եւ հայաստանյան ռոքի վրա դրանց թողած ազդեցությանը:

-Գիսանե՛, կարծիք կա, որ այն բանից հետո, երբ «Empyray»-ի նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը լքեց խումբը, այն սկսեց պասիվորեն գործել, ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Այո՛, խումբը բավական պասիվացավ. գործունեության դանդաղ ընթացքը կապված էր նախ` մենակատար գտնելու եւ ստեղծագործական որոնումների մեջ ընկնելու հետ: Մենք մեր առջեւ նպատակ դրեցինք «Empyray»-ի ստեղծագործական գիծը պահելով` նորովի ներկայանալ հանդիսատեսին, փոխելով խմբի մենակատարին` նոր խոսք մատուցել երկրպագուներին: Իսկ այդ փնտրտուքները ժամանակ խլող են:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործում են մի շարք ռոք խմբեր, որոնց անդամները բավական տաղանդավոր են, սակայն ոչ հայտնի: Ըստ որոշ կարծիքների` այդ խմբերը հանրահայտ չեն դառնում, քանի որ մատուցում են ծանր ռոք, որը դյուրամարս չէ: Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:
-Եթե հաշվի առնենք, թե ինչ երաժշտություն ենք այսօր լսում հեռուստաեթերում, կարող ենք եզրակացնել, որ խնդիրը այդ ռոքի ծանրությունը չէ: Իհարկե, որքան ծանր է երաժշտությունը, այնքան նեղ է դրա շուկան: Մենք ունենք շատ լավ ռոք երաժիշտներ, որոնք դժվարությամբ են գոյատեւում: Եթե դիտարկենք, որ խնդիրը ֆինանսների հետ է կապված, կարելի է կարծել, որ եթե նրանք մի որակյալ տեսահոլովակ նկարահանեն, հեռուստաընկերությունները պետք է գրկաբաց ընդունեն այդ պրոդուկտը: Բայց դա այդպես չէ, եւ խնդիրն այս դեպքում կապված է նաեւ հանդիսատեսի մենթալիտետից բխած պահանջների հետ:
-Եթե մի ժամանակ ռոք երգելը մոդայիկ էր, այսօր, կարծես, ոչ այնքան: Հիմա ինքներդ` որպես ռոք երաժիշտ, հաճա՞խ եք պատվերներ ստանում:
-Այս հարցը պետք է դիտարկել տարբեր ժամանակների կոնտեքստում: Մինչ այն ժամանակը, երբ հայաստանյան ռոքը դուրս բերվեց ընդհատակից, նաեւ` ի դեմս մեր խմբի, ռոքի ու ռոք լսողների մասին գոյություն ունեին կարծրատիպեր, որոնք աստիճանաբար կոտրվեցին: Հետո ժամանակն ավելի առաջ գնաց, եւ հետեւելով համաշխարհային միտումներին` կարելի է նկատել, որ ալտերնատիվ ռոք երաժշտությունը մաքսիմալ մոտենում է փոփին: Այդ ազդեցությունը, թերեւս, հայաստանյան ռոքի վրա էլ կա: Իսկ այս պարագայում երաժիշտները կանգնում են խնդրի առջեւ. նրանք չեն ուզում դավաճանել ռոքի «ծանրությանը» եւ գուցե այդ պատճառով մնում են ստվերում: Այս առումով ամեն ռոք խումբ ինքն է որոշում` մնալ ընդհատակում եւ նվագել ծանր երաժշտություն, թե դուրս գալ եւ հանդիսատեսին ավելի մատչելի երաժշտություն մատուցել:
-Թող կոպիտ չհնչի, բայց երաժիշտերը, կարծես, ցածրաճաշակ հանդիսատեսին հաճոյանալու խնդրի առջեւ են կանգնել:
-Այդ սկզբունքով են առաջնորդվում, օրինակ, թուրքապարսկական երաժշտություն մատուցողներ: Թող մատուցվի մաքուր փոփ, մաքուր ժողովրդական երգ, բայց ոչ թուրքական մեղեդի` հայերեն բառերով: Այդ խաբեությունը ցանկացած բիզնեսում կա: Լավ երաժշտությունն այն է, որը աղավաղելու միտում չունի:
-Իսկ մենք ռոք ժանրի երաժիշտ-ուսուցիչներ ունե՞նք:
-Դեռեւս տարիներ առաջ ռոք ժանրի երաժիշտներով հանդիպում ունեցանք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մշակույթի նախարարի հետ, որի ընթացքում բարձրացվեց այդ հարցը: Խոսվեց այն մասին, որ աշխարհում ամենապոպուլյար գործիքներից էլեկտրական կիթառ նվագել սովորելու համար Հայաստաում չկա համապատասխան ուսումնական կենտրոն, չկա մի տեղ, որտեղ կսովորեցնեն նաեւ ռոք վոկալ: Էլեկտրական կիթառ նվագել ցանկացողները գնում են անհատական պարապմունքների, իսկ ռոք վոկալով զբաղվում են, օրինակ, դասական վոկալ, կամ ինչն ավելի ծիծաղելի է, էստրադային-ջազ վոկալ ուսանածները: Այն ժամանակ մեզ ասացին, որ բացը լրացնելու ուղղությամբ տարվելու են աշխատանքներ, հիմա չգիտեմ, թե դրանք ինչ փուլում են:
-Եվ վերջում` «Empyray»-ից առաջիկայում երկրպագուներն ի՞նչ նորություններ ակնկալեն:
-Այս տարի կներկայանանք նոր տեսահոլովակով եւ երգերով: Շատ ծրագրեր ունենք, որոնք ուզում ենք անպայման իրականացնել: Տեսնենք` ինչպես կստացվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 
«ՀՈՇՈՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ». ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԸ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը` հայերեն թարգմանությամբ: Գրքում կարդում ենք Հայոց ցեղասպանությունը վերապրած այդ դեռատի հայուհու (Արշալույս Մարտիկյան) հուշերն իր եւ ոճրագործության ենթարկված հայ ժողովրդի անցած տանջալից ուղու մասին: Մեծ Եղեռնը վերապրած Ավրորայի պատմությանը ծանոթանալով` տեղեկանում ենք, որ նա, հրաշքով փրկվելով սպանդից, հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվել եւ 1918-ին տպագրվել է «Հոշոտված Հայաստան» գիրքը:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության թեմային պետք է անդրադառնալ մի քանի ուղղություններով: Դրանցից առաջինը միջազգային ճանաչումն է, երկրորդը` իրավական գնահատականը, իսկ երրորդը` խնդիրը հասարակության լայն շերտերին հասցնելը: Վերջին գործընթացն իրականացնելիս կարեւորվում է գրականության եւ կինոյի դերը: «Հիշենք, օրինակ, «Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքը, որը մեծապես նպաստեց Հոլոքոստի ճանաչմանն ու այդ փաստի տարածմանը: Նույն նշանակությունն ունի «Հոշոտված Հայաստան» գիրքը: Ճիշտ է՝ այն ինչ-որ առումով ծանր է, հագեցած է դաժան տեսարանների նկարագրություններով, սակայն Ցեղասպանության ճանաչման եւ դրան հասարակական հնչողություն տալու առումով կարեւոր նշանակություն ունի: Հիմա առիթ է ստեղծվել, որ հայ ընթերցողն էլ հայալեզու տարբերակով ծանոթանա մի գրքի, որը ազգի համար կարեւորագույն թեմաներից մեկն է բարձրացնում համաշխարհային գրական պրոցեսներում»,-մեկնաբանեց նա:
Հարկ ենք համարում ներկայացնել 1918թ. դեկտեմբերին Ավրորա Մարդիգանյանի` Նյու Յորքում կատարած գրառումից մի մեջբերում. «Աչքիս առջեւ է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետեւ չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը»:
Նշենք, որ 1918-ին էկրան է բարձրացել բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմը, որտեղ Ավրորան մարմնավորել է ինքն իրեն:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ