Ո՞վ էր պատանդ վերցրել Գագիկ Ծառուկյանին, և ինչպե՞ս պետք է սպանվեր Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատություն, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Իսկ ի՞նչ է խոսքի ազատությունը, ո՞րն է այդ սահմանը:

Ազատությունը անպատասխանատվություն չէ

Հասարակության որոշակի հատվածի մոտ խոսքի ազատություն ասվածն այն է, որ կարող են արտահայտել այն, ինչ ուզում են՝ առանց հետեւանքների մասին մտածելու: Մյուսների համար խոսքի ազատությունը միջոց է՝ արտահայտելու սեփական կարծիքը, դիրքորոշումը կամ այն տեղեկությունը, որին տիրապետում են:
Բայց ազատությունից առավել խոսքի նկատմամբ պատասխանատվության զգացումն է, որը հաճախ մոռացության է մատնվում՝ ինչպես ուրարտական ձեռագրերը:
Վերը նշվածը բացատրենք օրինակով:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը մի ելույթով ոչնչացրեց Ծառուկյանին, մարտի 5-ին Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ծառուկյանի ընտանիքը պատանդի կարգավիճակում է գտնվում: Դրանից հետո Արամ Հարությունյանը բազմիցս նման հայտարարություններ արեց տարբեր լրատվամիջոցներով:

Armlur.am-ը փորձեց Հարությունյանից հետաքրքրվել, թե կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի իրեն՝ Ծառուկյանին առեւանգելու, պատանդ պահելու վերաբերյալ, ո՞վ էր գերեվարել մեր երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին: «Սերժ Սարգսյանի` փետրվարի 12-ի հայտարարությունները սպառնալիքներ էին` քաղաքականությունից դուրս գալու: Ես տեղեկություններ ունեմ, որ Գագիկ Ծառուկյանի վրա բավականին լուրջ ճնշումներ են եղել: Մինչեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը, նրան ուրիշ մարդիկ եւ ուրիշ կերպ են սպառնացել Հայաստանից դուրս, ովքեր Երեւան են ժամանել Սերժ Սարգսյանի հրավերով: Ծառուկյանին պատանդ են պահել»,- ասաց նա:

Այսպիսով՝ Արամ Հարությունյանը հրաժարվում է կոնկրետ անուններ տալ, թե ով կամ ովքեր են առեւանգել ու պատանդ պահել Ծառուկյանին: Եւ այս իրավիճակում երկու ելք կարող է լինել՝ կա՛մ Արամ Հարությունյանը պետք է պնդի իր հնչեցրած լրջագույն մեղադրանքը եւ կոնկրետ մարդկանց մատնացույց անի՝ փաստերով, կա՛մ նա պետք է արժանանա այն գործիչների ճակատագրին, որոնք եւս տարբեր առիթներով ինչ-ինչ հայտարարություններ են արել, չեն կարողացել դրանք ապացուցել եւ ստիպված են եղել բախվել քրեական օրենսգրքին՝ «սուտ մատնության» հոդվածի հատկանիշներով:

Ինչպե՞ս պետք է սպանվեր Սերժ Սարգսյանը

Այս առումով բավականին ուշագրավ նախադեպ է արցախյան ազատամարտի մասնակից, ֆրանսիահայ Սարգիս Հացպանյանի գործը: Նա 2008 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ է իրականացվելու: «Օրերս հանդիպել եմ այժմ եվրոպական մի երկրի լրջագույն զինվորական ակադեմիայում անվտանգության ոլորտի նեղ մասնագիտություն դասավանդող մի հայրենակցի հետ… Ըստ «բարեկամիս»՝ շատ մոտ ժամանակներս Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է իրականացվելու։

Դրա համար մշակված է մի քանի սցենար։ Դա կարող է լինել ինչ-որ միջազգային ճանապարհորդության ընթացքում օդանավի անսարքության պատճառով տեղի ունեցող «ավիավթարի», նախագահի աշխատակազմում գտնվող մի «նախկին դաշնակցական Նաիրի Հունանյան-2»-ի կամ էլ «ոչ մի թիզ հող թշնամուն» ասող արցախցի մի «քաջ ֆիդայու» միջոցով»,- հայտարարել էր Սարգիս Հացպանյանը:
Բայց երբ իրավապահները բերման ենթարկեցին նրան եւ պահանջեցին ապացուցել ասածը, չկարողացավ, ինչի արդյունքում 2009 թվականին Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման` սուտ մատնության մեղադրանքով:

Իսկ 2014 թվականի հուլիսի 24-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից Վաղինակ Շաուշանյանը ակցիաներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե չի վճարի ավել գումար եւ «եթե պետք լինի, ահաբեկչություն կանի»: Այս հայտարարությունից հետո նա հրավիրվեց ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրան հորդորել էին նմանատիպ հայտարարություններ չանել, քանի որ մյուսներն էլ կարող են իրենից օրինակ վերցնել:

Ինչո՞ւ են անտարբեր իրավապահները

Սակայն Արամ Հարությունյանի արած կարեւարագույն հայտարարությունը, չգիտես ինչու, անտարբերության է մատնվել իրավապահների կողմից: Ոչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (քանի որ պաշտոնատար անձանց հետ կապված հանցագործությունները քննվում են հատուկ քննչական ծառայության կողմից), ոչ դատախազությունը, որը մամուլի հրապարակումների հիման վրա հաճախ ցուցումներ է տալիս՝ քրգործ հարուցել կամ նյութեր նախապատրաստել, «չեն նկատել» Հարությունյանի արած հայտարարությունը:

Armlur.am-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանից պարզել, թե ինչո՞ւ Արամ Հարությունյանի արած այդ լրջագույն հայտարարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը չի հետաքրքրում. Ի վերջո, քաղաքական գործիչը, ՀՀ նախագահի բազմափորձ թեկնածուն ոչ մեկ անգամ հայտարարել է, որ Ծառուկյանին պատանդ են պահել: Միթե դա հաղորդում չէ հանցագործության մասին:

Ահա թե ինչ պատասխան ստացանք ՀՀ գլխավոր դատախազությունից. «Արամ Հարությունյանը հանդիսանում է ֆիզիկական անձ, եւ նրա կողմից իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված է հստակ կարգ, որից շեղվելու դեպքում այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու օրինական առիթ, եւ դրա հիման վրա իրավապահ մարմինների կողմից չեն կարող նախապատրաստվել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա վերջինս, նախեւառաջ, անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը եւ այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:
Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է հաստատի հաղորդումը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:

Բացի այդ, եթե լրացել է հաղորդում տվող անձի 16 տարին, միաժամանակ նա պետք է նախազգուշացվի սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչը պետք է կրկին հաստատի իր ստորագրությամբ:
«Ինչ վերաբերում է լրատվության միջոցներով ֆիզիկական անձանց տարածած տեղեկատվությանը, ապա եթե հանցագործության առերեւույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձն ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդումը նույնպես ենթակա է ձեւակերպման ու քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաղորդման համար սահմանված վերոնշյալ պահանջներին եւ կարգին համապատասխան»,- ասված էր հարցման պատասխանի մեջ:

Ասել է թե՝ եթե դատախազությունը ցանկություն ունենա, կարող է Արամ Հարությունյանի խոսքերին ընթացք տալ ու բացահայտել, թե ով եւ ինչու է առեւանգել ու պատանդ պահել Ծառուկյանին: Սակայն նման բան չի անում՝ փոխարենը երկարաշունչ պարզաբանում ուղարկելով: Թերեւս դժվար չէ կռահել, որ, ի վերջո, խոսքը կարող է գնալ այնպիսի «առեւանգիչների» մասին, որոնց անունն անգամ շոշափելու համար դատախազությունից էլ կարող է շատերին «առեւանգեն»: Դրա համար էլ իրավապահները գերադասում են «չլսելու տալ» նման հայտարարությունները, որ «ապահով Հայաստանում» լրացուցիչ խնդիրներ չհարուցեն:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս