ԱԱԾ-ն կոչնչացնի՞ մոտ կես մլրդ դոլար արժողությամբ հերոինը

ԱԱԾ-ն կոչնչացնի՞ մոտ կես մլրդ դոլար արժողությամբ հերոինը

Սույն թվականի փետրվարի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանի վարույթ է ընդունվել 2013 թվականի դեկտեմբերի 28-ին Մեղրիի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից տեղափոխված մոտ 1 տոննա հերոինի գործը:

Հիշեցնենք, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օսման Ուղուրլուին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 24-ին, Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով իբրև թե Իրան տեղափոխելու տախտակ, Վրաստանից Բագրատաշեն մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին Մեղրիի մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:

Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղիում թողնելուց հետո Օ. Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզներ եղբայրների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ 160գ 467 մգ քաշով հերոին տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը: Առաջին ատյանի դատարանի վճռով Օսման Ուղուրլուն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման:

Որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Ավթանդիլ Մարտիաշվիլին, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:

Ավթանդիլ Մարտիաշվիլիին դատարանը վճռել է դատապարտել ազատազրկման 17 տարով:

Իմանալու համար` ինչ պետք է լինի առանձնապես մեծ չափերով հերոինի «ճակատագիրը», Armlur.am-ը կապ հաստատեց Օսման Ուղուրլուի պաշտպան Հրաչ Հակոբյանի հետ, ով պարզաբանեց, որ երբ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի, իրեղեն ապացույց ճանաչված հերոինը կոչնչացվի: Թե ինչ ձևով պետք է կատարվի ոչնչացումը, մեր զրուցակիցը դժվարացավ մեկնաբանել:

Ստացվում է, որ մոտ կես մլրդ դոլար արժողությամբ թմրանյութը դեռևս ԱԱԾ-ի «ձեռքում է», իսկ կկատարվի արդյոք դատարանի որոշումը` այն ոչնչացնելու հետ կապված, հուսով ենք տարակուսանքի տեղիք չի տա: