Ժիրայր Սէֆիլյանը կհետևի Գ. Ծառուկյանի և Ր. Հովհաննիսյանի օրինակի՞ն, թե՞ կպայքարի մինչև վերջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո շուրջօրյա եւ անժամկետ բողոքի ակցիաներ է սկսելու: «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանը երեկ հայտարարել է, թե տուն չի վերադառնա, մինչեւ չհասնի իշխանափոխության. «Մենք կվերադառնանք տուն եւ ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ մենք արդեն հաջողած լինենք ձերբազատվել այս ռեժիմից»,- ասել է Սէֆիլյանը` այդպիսով փաստորեն հայտարարելով, որ գնալու է մինչեւ վերջ:

Ու թեեւ նա հավաստիացրել է, որ իրենց հավաքները կրելու են բացառապես խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, զգուշացրել է, որ չի կարող որեւէ մեկին երաշխավորել, որ այս պայքարի արդյունքում նա «չի վնասվի», եւ իշխանությունները չեն գնա արյունահեղության: «Ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու, եւ մենք կդիմենք ինքնապաշտպանության, բռնությանը կպատասխանենք բռնությամբ,-ասել է ազատամարտիկը` ընդգծելով,-ինչ զոհողություն էլ որ լինի, չպետք է անիմաստ լինի, պետք է անպայման հասնել արդյունքի»։

Մինչ այս, իշխանափոխության համար պայքարի դուրս եկած միայն մեկ ուժ, ավելի ճիշտ` մեկ հոգի է ի սկզբանե, առանց հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարների աջակցությունն ունենալու, հայտարարել, որ չի գնալու տուն` մինչեւ երկրում հեղափոխություն չիրականացնի: Դա Շանթ Հարությունյանն էր, որի պլանները ոստիկանական մի քանի սադրիչներ շատ հեշտությամբ կարողացան տապալել, իսկ Շանթն ու նրա ընկերներն էլ դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման: Ու թեեւ սկսած 1996-ից ընդդիմադիր ամենատարբեր առաջնորդներ հարթակներից քաջարի ելույթներ են ունեցել, վճռական պահին կա՛մ իսպառ անհետացել են, ինչպես անհետացավ Վազգեն Մանուկյանը, որի տեղը թիմակիցները տեւական ժամանակ չգիտեին, կա՛մ գնացել են թեյ խմելու, ինչպես 2004-ին արեց Ստեփան Դեմիրճյանը, կա՛մ պատսպարվել են սեփական դղյակում, ինչպես 2008-ին վարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, կա՛մ էլ ժողովրդին թողած ոստիկանների հետ դեմ առ դեմ` գնացել են Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու, ինչպես 2013-ին արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Դե, իսկ իշխանափոխության համար պայքարող ամենավերջին, թարմ հերոսը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, առհասարակ արեց այդ ամենը միասին` չհասնելով անգամ Ազատության հրապարակ. նա անհետացավ քաղաքական դաշտից, պատսպարվեց սեփական դղյակում, եւ ով գիտե՝ գուցե թեյ խմելուց հետո նաեւ աղոթում է:

Հաշվի առնելով Ժիրայր Սէֆիլյանի անցած ուղին եւ նրա ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» կազմը՝ դժվար է պատկերացնել, որ այս անգամ եւս ականատես կլինենք անարժանապատիվ նահանջի: Հարցն այն է միայն՝ արդյո՞ք Սէֆիլյանն ու իր թիմակիցները չեն գերագնահատել սեփական ուժերը:




Լրահոս