«Մերոնք դրանց այնպիսի դաս տվեցին, որ իսկույն խելոքացան». ինչպիսին է եղել վիճակը սահմանին այս գիշեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը կրակում է երբ ուզում է, որքան ուզում է: Այսպես պատասխանեցին Armlur.am-ի հարցին` ինչ վիճակ է եղել սահմանին այս գիշեր,  Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարները: Թեպետ մի քանի գյուղերում վիճակն այս գիշեր հանգիստ է եղել, սակայն երբևէ հնարավոր չէ կանխատեսել` երբ կհնչեն հաջորդ կրակոցները:

Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն Armlur.am-ին հայտնեց, որ ինչպես գիշերը, այնպես էլ այս պահին հակառակորդի կողմից ակտիվություն չի զգացվում: Իսկ վերջին անգամ կրակոցներ գյուղի ուղղությամբ արձակվել են 15-20 օր առաջ: «Մերոնք դրանց այնպիսի դաս տվեցին, որ իսկույն խելոքացան»,- կես կատակ-կես լուրջ ասաց մեր զրուցակիցը:

Իսկ Մովսես համայնքում, ինչպես մեզ հետ զրույցում նկարագրեց համայնքապետ Արարատ Ավալյանը, հիմնականում լինում են դիրքային փոխհրաձգություններ: Մովսեսում վերջին անգամ կարկոցներ հնչել են մեկ շաբաթ առաջ` այգեգործների ուղղությամբ. «Քանի որ այնտեղ շարժ կա, սրիկաներն այդ ուղղությամբ են կրակում: Նրանց քմահաճույքին է. երբ կցանկանան, մարդկանց կահաբեկեն»: Արարատ Ավալյանը հայտնեց, որ այս գիշեր այնտեղ հանգիստ է եղել, իսկ կրակոցներ վերջին անգամ լսվել են 1 շաբաթ առաջ:

Հանգիստ է եղել նաև Չինարի գյուղում: Մեզ հետ զրույցում գյուղի ղեկավար Սամվել Սողոյանը հայտնեց, որ կրակոցներն այստեղ սովորական երևույթ են, մարդիկ սովոր են նրա ձայների տակ քնել-արթնանալ:

Գիշերը լարված է եղել սահմանամերձ Պառավաքար գյուղում: Հակառակորդի արձակած կրակոցները դիպել են այգեգործների մեքենաներին. «Մեզ մոտ հակառակորդը միշտ ակտիվություն է ցուցաբերում: Արդեն 10 օր է` լարվածություն է զգացվում: Բարեբախտաբար, մարդկիկ չեն տուժել, սակայն նյութական վնաս են կրել»,- ասաց համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը:




Լրահոս