Նման բարեկամ ունեցողը թշնամու կարիք չունի. ինչ են վկայում ՀՀ ներկրված գազի ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվության համաձայն՝ անցած՝ 2014 թվականին Հայաստան ներկրված գազի ծավալները նախորդ՝ 2013 թվականի համեմատ աճել են 89,85 միլիոն խորանարդ մետրով:

Ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿ հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել 2 միլիարդ 450,9 միլիոն խ/մ գազ, որից 389,2 մլն խ/մ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, իսկ 2 միլիարդ 61,7 մլն խ/մ-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից: 2013-ի տվյալները եղել են այսպիսին՝ ընդհանուր ներկրված է եղել 2 միլիարդ 361,05 միլիոն խ/մ գազ, որից 1 մլրդ 956,33 մլն խ/մ-ը՝ ՌԴ-ից, իսկ 404,73-ը՝ Իրանից: Ի դեպ, Իրանից գազը ներկրվում է բացառապես «Երեւան ՋԷԿ»-ի կարիքների համար:

Կարելի է կարծել, թե անցած տարի գազի նկատմամբ Հայաստանում պահանջարկը համընդհանուր աճել է, այդ պատճառով էլ ներկրումն էլ ավելացել է: Ամենեւին: Նկարում բերված աղյուսակում ներկայացված են սպառողների 5 խմբերի սպառած գազի ծավալները 2013-ին եւ 2014-ին, ինչպես նաեւ՝ նրանց համեմատականները:

սպառող. խմբեր 2013 2014 աճ/նվազ (+/-)
1.բնակչություն 538,93 մլն 515,4 մլն – 23,53 մլն
2.արդյունաբերութ. 275,26 մլն 252,1 մլն -23,16 մլն
3.բյուջ.հիմն.-ներ 49,89 մլն 49,1 մլն -0,79 մլն
4.այլ սպառողներ 250,59 մլն 116,3 մլն -134.29 մլն
5.ԱԳԼՃԿ-ներ 454,96 մլն 481,7 մլն +26,74 մլն
Ընդամենը 1569,63 մլն 1414,6 մլն -155,03 մլն

Ինչպես տեսնում եք՝ աղյուսակում բերված հինգ խմբերից միայն ավտոգազալիցքավորման կայանների (ԱԳԼՃԿ-ների) գազի սպառումն է ավելացել, բայց նույնիսկ այդ պայմաններում ընդհանուր անկումը բավական մեծ թիվ է կազմել: Գազի ներկրման թիվն ավելացնելու խնդիրը ռուսական «Գազպրոմ-Արմենիան» լուծել է էներգետիկայի ոլորտի սպառման ծավալները կտրուկ ավելացնելու հաշվին: 2013-ին էներգետիկայի ոլորտը, կամ ավելի կոնկրետ «Հրազդան ՋԷԿ»-ն եւ «Հրազդան 5 ՋԷԿ»-ը օգտագործել են 252,29 մլն խ/մ գազ, իսկ 2014-ին նրանց մատակարարվել է կրկնակիից ավել գազ` 594,1 մլն խ/մ: Այս ոլորտին մատակարարվող գազի ծավալներն աճել են 341,81 մլն խ/մ-ով:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրական էներգիա արտադրող կազմակերպություններից ամենաթանկ էլէներգիան արտադրում են հենց նշված երկու ՋԷԿ-երը: Էլէներգիան սպառողին մատակարարող կազմակերպությունը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն եւ նշված երկու ջեկերը, ինչպես հայտնի է՝ բոլորն էլ ռուսական ընկերություններ են, եւ կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ, ըստ էության, միեւնույն սեփականատերերն ունեն:

Այսինքն՝ գազ սպառողին մատակարարող ընկերությունը ռուսական գազը ներկրել եւ վաճառել է իրեն պատկանող երկու ՋԷԿ-երին, վերջիններս այդ գազով թանկարժեք էլէներգիա են արտադրել եւ վաճառել էլէներգիան սպառողին մատակարարող մեկ այլ ռուսական ընկերության, որն էլ այն կրկին թանկ գներով վաճառել է ՀՀ բնակչությանը եւ ձեռնարկություններին: Արդյունքում՝ մի կողմից ռուսական գազի սպառումն է ավելացվել, մյուս կողմից էլ ռուսական ընկերությունների եկամուտներն են ավելացել:
Ի դեպ, այնպես չէ, որ ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան պետք է անպայման թանկարժեք լինի:

Տվյալ դեպքում «Երեւան ՋԷԿ»-ի օրինակը շատ խոսուն է: Ինչպես արդեն վերը նշել ենք՝ այդ ընկերությունը գործում է Իրանից ներկրված գազի հաշվին: Բայց իր օգտագործած գազի դիմաց վճարում է էլէներգիայով: Արդյունքում՝ «Երեւան ՋԷԿ»-ի արտադրած եւ Հայաստանի ցանցին մատակարարված էլէներգիան շատ էժան է ստացվում` 18,1 դրամ կվ/ժ-ով այն մատակարարվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Այս ցուցանիշը Հրազդան ՋԷԿ-ի մատակարարած էլէներգիայի գնից (40,1 դրամ կվ/ժ) էժան է մոտ երկուսուկես անգամ:

Ամեն անգամ, երբ ուսումնասիրում են Հայաստանի էներգետիկայի ոլորտում տիրող իրավիճակը, կրկին անգամ համոզվում ենք, որ այդ ոլորտում գործող ռուսական ընկերությունները, ինչպես միշտ, կազմակերպված սպասարկում են իրենց` սեփականատիրոջ երկրի տնտեսական շահերը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ դա ոչ թե փոխշահավետ սկզբունքի հիման վրա է տեղի ունենում, այլ զուտ ի վնաս իրենց սպառողների, ասել է թե՝ ի վնաս Հայաստանի բնակչությանը եւ տնտեսությանը:

Վահագն Հովակիմյան




Լրահոս