«Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի, եթե անգամ համաներում չլինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է տեղի ունենար դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Armlur.am-ին Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 21-ին: Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի դերասանի՝ Ֆրանսիայում բնակվող փաստաբանները բողոք բերելու և արդեն դատարան բերված բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու դատավարական իրավունքներից չզրկվեն: Պաշտպանը նկատեց` եթե պատժաչափի փոփոխություն չլինի, Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի նաև այն դեպքում, եթե անգամ համաներում չլինի: Այդ դեպքում վերաքննիչ բողոքի քննությունից հետո կկիրառվի բաց ռեժիմ, ինչպես նաև այն պատճառաբանությամբ, որ դերասանն արդեն կրել է իր պատժի 1/3-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը, որով նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի դերասանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտաճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վ. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով «Նիվա»-ի երկու անչափահաս ուղևորները` Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:




Լրահոս