Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը` համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության` Ադրբեջանի հետ. Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցեղասպանությանը հաջորդած տարիները եւ նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները, եւ վերքերը սպիացնելու եւ ավելի ուժեղ դառնալու համար հայ ժողովուրդը քրտնաջան աշխատանք ունի կատարելու: Այսպիսի գնահատական տվեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա անդրադարձավ անելիքներին ու հավաստիացրեց, որ հայկական զինված ուժերը պատրաստ են դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքի եւ պահպանելու երկրի անվտանգությունը:

-Հարգելի պարոն Սահակյան, համայն հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ո՞րն է Ձեր կոչն ուղղված հայ ժողովրդին:

-Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Թուրքիայի կողմից կատարված սարսափելի ոճրագործության հետեւանքով 1,5 միլիոն անմեղ հայեր ենթարկվեցին սպանդի, հայաթափվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այս ոճրագործությունը նաեւ համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի չճանաչումն ու չդատապարտումը բերեցին նոր ցեղասպանություների եւ կոտորածների:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդին ուղղված կոչին, ապա կարծում եմ, որ Ցեղասպանությանը հաջորդած տարիները եւ նորագույն պատմության դասերն արդեն իսկ ուրվագծել են մեր անելիքները: Առաջին՝ Ցեղասպանությունը երբեք չի մոռացվի հայ ժողովրդի կողմից: Երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Եվ, ամենակարեւորը, հայ ժողովուրդն այլեւս երբեք չպետք է ենթարկվի ցեղասպանության, իսկ դրա ամենահուսալի գրավականն անկախ ու հզոր ազգային պետությունն է, նրա մարտունակ բանակը եւ համախմբված հասարակությունը: Այս ուղղությամբ բոլորս պետք է իրականացնենք ամենօրյա քրտնաջան աշխատանք:

-Պարոն Նախագահ, ո՞րն է այն դասը, որ պետք է քաղի հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից:

-Հայոց ցեղասպանությունից դասեր պետք է քաղի ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Եթե հայ ժողովրդի ողբերգությունը ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր, իսկ դրա կազմակերպիչները պատժվեին, երեւի թե չէին լինի շատ այլ ցեղասպանություններ աշխարհի տարբեր վայրերում: Այս կարծիքին են, ի դեպ, տարբեր պետություններ ներկայացնող բազմաթիվ քաղաքական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, հասարակ մարդիկ:

Մինչեւ այսօր Ցեղասպանությունն իրագործած պետությունը՝ Թուրքիան, ոչ միայն չի ճանաչում եւ դատապարտում այս հանցագործությունը, այլեւ շարունակում է պայքարել Մեծ եղեռնի ճանաչման դեմ, վարում է ընդգծված հակահայկական քաղաքականություն՝ սերտորեն համագործակցելով մեկ այլ ցեղասպան պետության՝ Ադրբեջանի հետ: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, եւ դա միայն հայոց դիվանագիտության խնդիրը չէ: Կրկնում եմ՝ ոճրագործին եւ ագրեսորին աջակցելը կամ նրա քայլերն անտարբերության մատնելը խրախուսում են մարդկության դեմ ուղղված նոր ոճրագործությունների իրականացումը երկրագնդի տարբեր ծայրերում:

-Պարոն Սահակյան, 100-րդ տարելիցը մի հանգրվան է, այլ ոչ թե վերջնակետ, եւ այս պարագայում ինչպե՞ս նայել ապագային, եւ որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթություններն ապագայում:

-Բնական է, որ 100-րդ տարելիցը չի կարող լինել վերջնակետ, քանի որ այս ոճրագործությունը եւ դրա հետեւանքները վաղեմության ժամկետ չունեն: Մենք պետք է շարունակենք հզորացնել եւ զարգացնել հայոց անկախ պետականությունը, էլ ավելի ուժեղացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Սա է մեր նահատակված եւ մարտիրոսված քույրերի ու եղբայրների հիշատակը վառ պահելու եւ նոր ողբերգություններ թույլ չտալու ամենահուսալի գրավականը:




Լրահոս