Armlur.am-ի տեղեկություններով, Քիմ Քարդաշյանը վաղը` ապրիլի 5-ին կժամանի Հայաստան: Նա, ըստ մեր տեղեկությունների, այստեղ կմնա 1 շաբաթ:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` հանրությունը բուռն քննարկում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան գալու լուրերը: Նախապես հաղորդվում էր, որ Քարդաշյանը Հայաստան պետք է ժամանի Ցեղասպանության 100-ամյակին` ապրիլի 24-ին:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Ք. Քարդաշյանը Երևան կժամանի սեփական փոխադրամիջոցով:
Հավելենք, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Page Six ամերիկյան տաբլոիդին հաստատել է իր առաջիկա հայաստանյան այցի մասին տեղեկությունը, սակայն ըստ աղբյուրի՝ հերքել է, թե ապրիլին Հայաստան է գալիս հենց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով:
Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանի միայն հայրն է հայ` Ռոբերտ Քարդաշյան, ով մահացել է 2003 թ-ին: Ամերիկյան լրատվամիջոցները մեջբերում են Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Վոլինսկին, ով նկատում է, որ Քիմի այցը «իմաստավոր է»: Նա ասել է, թե ցանկացած մեկի համար, ով հայ է, կարևոր է ցանկանալ վերադառնալ իր արմատներին, հատկապես՝ այդ տարելիցին: