Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը խուսափեց հանդիպել Քարդաշյանին, և ո՞վ օգնեց նրան այդ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ բոլորը քննարկում էին հայազգի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, ՀՀ նախագահի լրատվության բաժնից հաղորդագրություն տարածվեց, որ աշխատանքային այցով Իտալիայի հանրապետություն և Վատիկան է մեկնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Առաջին հայացքից` նրա այցի մեջ տարօրինակ ոչինչ չկա, սակայն փաստերը համադրելուց հետո հետաքրքիր պատկեր է ստացվում: Ինչպես հայտնի է, արտերկրից ժամանած շատ հյուրերի դեպքում ՀՀ նախագահը նրանց ընդունում, պատվում և նույնիսկ մեդալներ է շնորհում: Օրինակ՝ վերջերս նա ընդունեց ռուսական շոուբիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովային և պարգևատրեց սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Սակայն այս դեպքում ՀՀ նախագահը խուսափեց հանդիպել Քիմ Քարդաշյանին և այդ հարցում օգնության կանչեց  իր փեսային` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, ով էլ կազմակերպեց նրա աշխատանքային այցը: Նկատենք, որ նախագահականի տարածած հաղորդագրությունում հստակ նշված է, որ աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունենալիք միջոցառումները մեկնարկելու են ապրիլի 10-ին, սակայն Ս. Սարգսյանն ավելի շուտ մեկնեց: Ասել է թե՝ ՀՀ նախագահը «փախավ» և գլուխն ազատեց Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից:

Նշենք, որ երեկ «Վերածնունդ» 7-րդ միջազգային փառատոնի առիթով տարբեր գործիչների հանդիպած Հասմիկ Պողոսյանը ևս «փախավ»: Երեկ երեկոյան արդեն ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակիցները լրագրողներին հայտնեցին, որ նախարարը երկրում չէ:

Արդյունքում` Քարդաշյանին ընդունելու և պետական մակարդակով պատվելու «ծանր գործը» մնաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուսերին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արդեն տարիքն առած մարդ է, դժվար թե, նրան վստահվի Քարդաշյանին ընդունելու գործը): Իսկ այն, որ Քիմ Քարդաշյանին անհրաժեշտ է ընդունել պետական մակարդակով, երկու կարծիք լինել չի կարող, քանի որ նրան իր մոտ ընդունում և պատվում է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Եվ հայ պաշտոնյաների անտարբեր վերաբերմունքը կարող է նեղացնել օվկիանոս կտրած և Հայաստան ժամանած ռեալիթի-շոուների թագուհուն:

Հավելենք, որ երեկ երեկոյան Հայաստան ժամանած հայազգի աստղի տեղաշարժի մասին արդեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են՝ իրենց հրապարակումներում նշելով Հայոց ցեղասպանության մասին բազում հիշատակումներ: Ու դժվար չէ ասել, թե Քարդաշյանի այցով աշխարհի քանի երկրի քանի ներկայացուցիչ իմացավ Հայոց ցեղասպանության մասին ու քանիսը բարձրաձայն կամ մասնավոր զրույցներում դեռ կդատապարտեն ցեղասպանությունը:

ՀՀԿ կանաց խորհրդի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր թափահարած ծաղիկներով և Ծիծեռնակաբերդում կազմակերպած խրախճանքով, դժվար թե, աշխարհին լսելի դառնար այն չափով, որքան Քիմը՝ իր մի այցով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս