Իհարկե, Սէֆիլյանը օրենք է խախտել, եթե չխախտեր, կարո՞ղ է պատահի՝ լիներ բանտում. Միքայել Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին մասնակցել ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին եւ երթին:

Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Ցավոք սրտի, խաղաղ ժամանակների հերոսները խանգարում են օրվա իշխանություններին, քանի որ նրանք ստիպում են մարդկանց ազատ մտածել, հասկանալ իրենց էությունը, դադարել վախենալ եւ դրանով խարխլում են հանցավոր իշխանության հիմքերը։ Խաղաղ ժամանակների հերոսներին այսօր ահաբեկում են, ենթարկում բռնությունների եւ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով: Ապրիլի 7-ին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ավելացավ եւս 5-ով: Անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին լեգենդար հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը»:«Կոչ ենք անում բոլոր ազատամարտիկներին, ում համար թանկ է մեր հայրենիքի եւ ժողովրդի ապագան, ովքեր անտարբեր չեն խաղաղ ժամանակի հերոսների ճակատագրով, ում համար թանկ է հայ ֆիդայու պատիվն ու արժանապատվությունը, մասնակցել ս.թ. ապրիլի 17-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին եւ երթին»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հետ պարզելու համար՝ արդյոք պատրաստվում են ներկա գտնվել հանրահավաք-երթին ու, ընդհանրապես, ինչպես են վերաբերվում ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների կալանավորմանը:

-Պարո՛ն Հարությունյան, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ միության» 30 ազատամարտիկներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել բոլոր ազատամարտիկներին ապրիլի 17-ին լինել Ազատության հրապարակում` պահանջելու ազատ արձակել ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին: Դուք եւս պատերազմի դաշտ եք գնացել եւ մասնակցել Արցախի ազատության համար պայքարին, չե՞ք հետեւելու ազատամարտիկների կոչին:

-Գիտեք ինչ, Դուք այնպիսի հարց եք տալիս… ես հարգում եմ բոլոր այն ազատամարտիկներին, որոնք պատերազմի դաշտ են գնացել ու կռվել են, բայց ոչ մի ազատամարտիկ իրավունք չունի օրենքից դուրս գալու: Գիտեք ինչ, Հայաստանում կա քննչական կոմիտե, որն այդ հարցը քննում է այժմ: Դուք այնպիսի հարց եք տալիս, որ ես իրավունք չունեմ մտնելու նման տիրույթ ու այդ հարցերին պատասխանելու: Ես չեմ կարծում, որ Ձեր հարցը պետք է ինձ ուղղեք: Այժմ այդ հարցով քննություն է իրականացվում: Ես որեւէ բան չեմ կարող ասել:

-Բայց Դուք կարող եք Ձեր տեսակետը ներկայացնել: Ասացեք խնդրեմ` Դուք ճի՞շտ եք համարում, որ Ժիրայր Սէֆիլյանին կալանքի տակ են պահում միայն նրա համար, որ նա քննադատում է այս իշխանություններին եւ պայքարում իշխանափոխության համար:

-Ես նորից եմ կրկնում՝ ազատամարտիկը նույն ՀՀ քաղաքացին է, որն իրավունք չունի օրենք խախտել, Դուք ինչու եք առանձնացնում. մարդ է, որը օրենք է խախտել:

-Այսինքն` Դուք կարծում եք, որ Ժիրայր Սէֆիլյանը օրե՞նք է խախտել:

-Իհարկե, խախտել է, եթե չխախտեր, կարո՞ղ է պատահի՝ լիներ բանտում:

-Իսկ մի՞թե նման դեպքերը քիչ են մեր իրականությունում, Սէֆիլյանի ընկերները նրան քաղբանտարկյալ են համարում:

-Դա արդեն քննչական կոմիտեն է որոշում, թե ինչի համար են իրեն կալանավորել, Դուք ասում եք՝ ինքը քաղբանտարկյալ է, բայց քննչական կոմիտեն ասում է, որ ինքը խախտել է ՀՀ օրենքը: Հիմա Դուք եք նման որակում տալիս, նման հայտարարությամբ հանդես գալիս, իսկ իրավապահ մարմինները որոշում են՝ ըստ օրենքի խախտման. իրենք էլ նշում են, որ ինքը օրենք խախտող մարդ է: Ես նորից եմ ասում՝ ոչ ոք իրավուքն չունի ՀՀ օրենքը խախտել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս