Սուրեն Քրմոյանը մասնակցել է պրոբացիայի ծառայության ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ապրիլի 17-ին մասնակցել է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին:

Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Դոնչե Բոշկովսկին (ծրագրերի ղեկավար), ծրագրի խորհրդատուներ Մարտին Սեդդոնը, Քրիստոֆեր Ֆրոսթը, Արդարադատության նախարարության և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին և նշել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ կկրճատվի կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումն ու կնվազեցվի ազատազրկման կիրառումը՝ որպես պատժատեսակ:

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցի գործընկերների հետ ուսումնասիրել են պրոբացիոն ծառայության ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ Հայաստանում առավել արդյունավետ ծառայություն ներդնելու նպատակով:

«Մենք ուզում ենք ձեզ հետ համաձայնեցված իրականացնել ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև դրանք կյանքի կոչել, ապահովել ոչ թե ձևական, այլ պրակտիկ արդյունքներ»,- դիմելով եվրոպացի գործընկերներին և միջգերատեսչական խմբի անդամներին՝ ասել է Սուրեն Քրմոյանը և կոչ արել ներկաներին այս ոլորտում առկա մտահոգությունների դեպքում հայտնել կարծիքներ, ներկայացնել առաջարկություններ, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկված բարեփոխումն ավարտին հասցնել և ապահովել գործառնական առավելագույն արդյունավետություն:

ԵԽ ծրագրերի ղեկավար Դոնչե Բոշկովսկիի խոսքով՝ ԵԽ-ն աջակցել և շարունակելու է աջակցություն ցուցաբերել այս ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին փոխանցելով եվրոպական լավագույն փորձը: «Մենք տեսնում ենք, որ այս ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և լիահույս ենք, որ ծառայության ներդրումը բարեհաջող ընթացք կունենա»,-ասել է ԵԽ ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում Մարտին Սեդդոնն ու Քրիստոֆեր Ֆրոստը ներկայացրել են պրոբացիոն ծառայության ոլորտում առկա լավագույն եվրոպական փորձը, խոսել ոլորտին առնչվող գործառույթային, էլեկտրոնային մոնիթորինգի, անձնակազմի և վերականգնողական ծրագրերի առանձնահատկությունների մասին: Նրանք ներկաների ուշադրությունը հրավիրել են սկզբունքային այն հիմնահարցի վրա, որ պրոբացիոն ծառայության և սոցիալական ծառայության միջև պետք է լինի մեծ համագործակցություն, որպեսզի դատապարտյալներին հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերվի:

Նիստի ավարտին՝ մտքերի փոխանակումից և հարցուպատասխանից հետո, քննարկվել են հետագա անելիքներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս