«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը 100 մլն-ի վնաս է կրել. ինչի՞ հաշվին է շարունակում աշխատել

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն տեւական ժամանակ է, ինչ վաճառքի է հանված: Սակայն այս պահի դրությամբ ընկերությունով ոչ հետաքրքրվող կա, ոչ էլ գնորդ: Ընկերության տնօրենը վստահեցնում է, թե տուրքերի հավաքագրումից ներկայումս իրենց տրվող մասնաբաժինը բավարար չէ, եւ իրենք մեծ վնասներ են կրում: Միեւնույն ժամանակ, սակայն, տարակուսելի փաստ է հայտնում. վնասներ կրող ընկերությունը նոր ներդրումային ծրագրեր է իրականացնում եւ չի պատրաստվում հրաժարվել «կարմիր գծերից»:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հունիսին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել ընկերությունը վաճառքի հանելու մասին: Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Հաշվի առնելով վերջին ժամանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների` ավտոկայանատեղիներից հավաքագրված տուրքի 70 տոկոսը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում եւ ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները եւ տեսակետները, ընկերությունը հայտարարում է իր բաժնետոմսերի վաճառքի մասին:

Ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100 տոկոսը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ եւ տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք դեռ ցանկանում են ընկերությունը վաճառել:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք հայտարարում եք ընկերությունը վաճառելու մասին, սակայն հստակ գին չկա սահմանված:

-Նախնական գին սահմանված չկա: Միայն ներդրված գումարը հետ վերադարաձնելու պայմանով: Այս դեպքում միայն վաճառք կիրականացվի:

-Տեսակետ կա, որ ընկերությունը վաճառելու մասին հայտարարությունը ձեւական բնույթ է կրում եւ նպատակ ունի հանրությանը շեղել այն մտքից, որ Դուք ահռելի գերշահույթներ եք ապահովում:

-Եթե նման կարծիքի մարդ կա, թող գա, գնի ու ինքը գերշահույթ ապահովի: Չեմ ցանկանում մեկնաբանել:

-Իսկ գնել ցանկացողներ եղե՞լ են:

-Առաջարկն ուժի մեջ է, բայց մասնակիցների քանակի ավելացում չկա: Մեկ-երկու հետաքրքրվող եղավ, սակայն ընթացք չստացավ եւ դադարեց գործընթացը: Բայց հիմա էլ առաջարկը դեռ ուժի մեջ է, եւ եթե կլինեն հետաքրքրվողներ, կարող են դիմել, եւ մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ինֆորմացիա:

-Ինչո՞ւ եք վաճառում ընկերությունը: Վնասո՞վ եք աշխատում, եկամտաբեր չէ՞, թե քաղաքացիները հրաժարվում են վճարել տուգանքները:

-Ընկերությունը վնասով է աշխատում, այս պատճառով էլ վաճառքի է հանվել: Հաշվետվությունը մի քանի օրից պատրաստ կլինի, եւ ավելի ստույգ թիվ կկարողանամ հրապարակել վնասների չափի մասին: Իսկ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախորդ տարվա ընթացքում մոտավորապես 100 մլն դրամի չափով վնաս ենք կրել:

-Սա՞ է պատճառը, որ ընկերությունը մինչեւ հիմա չի վաճառվում:

-Այո՛, հենց այս պատճառով էլ ընկերությունը գնելու մտադրություն ունեցող քաղաքացիները հրաժարվում են: Դա իրենց վանում է:

-Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ է ընկերությունը վնասներ կրում այն դեպքում, երբ քաղաքացիները հսկայական տուրքեր են մուծում:

-Ընդհանուր գումարների հավաքագրումից ընկերության հասույթը ավելի քիչ է, քան ամորտիզացիան եւ մյուս այլ ծախսերը:

-Հնարավո՞ր է, որ կամիր գծերի կիրառումն ընդհանրապես հանվի:

-Ո՛չ: Հաշվի չառնելով այդ ամենը՝ ընկերությունը շարունակում է գործել, նոր ներդրումային ծրագրեր է իրականացնում, քանի որ ունի պայմանագիր եւ պայմանագրի պարտավորությունները պարտավոր է կատարել պատշաճ կարգով: Ներկայումս, եթե նկատել եք՝ երեւանյան փողոցներում արդեն հայտնվել են վճարահաշվարկային համակարգեր, որոնք ավելի հարմարավետ եւ ավելի մատչելի են դարձնում տուրքի վճարումը: Վճարահաշվարկային համակարգերի ներդրումը կատարել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը: Ուղղակի պայմանագրային պարտավորություններ են, քանի որ մեր ընկերության եւ նրա այլ կազմակերպությունները վճարահաշվարկային կազմակերպություններ չեն եւ նման գործունեություն իրականացնելու համար համապատասխան լիցենզիա չունեն: Այս պատճառով լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագիր ունենք, որն էլ իրականացնում է տուրքի հավաքագրումը եւ համապատասխան վարձատրում է դրա դիմաց:

-Դուք զրույցի սկզբում նշում եք, որ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում մոտավորապես 100 մլն դրամի չափով վնաս է կրել, եւ վաճառում եք այն: Հետո հայտնում եք, որ ընկերությունը ներդրումային ծրագրեր է իրականացնում: Այդ ինչպե՞ս է ստացվում: Չէ որ, եթե որեւէ ընկերություն մեծ վնասներ է կրում, ապա այն փակվում է, դադարում է գործել: Մինչդեռ Ձեզ մոտ հակառակն է՝ Դուք շարունակում եք գործել: Ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին:

-Նոր ներդրումային միջոցների հաշվին: Այսինքն՝ ընկերությունը գոյատեւում է ոչ միայն ձեռք բերած հասույթով, այլեւ հիմնադիրների կողմից նոր ներդրումներ են արվում կազմակերպության գոյատեւման համար:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ