Ինչպես էր «Մուսա լեռան 40 օրը» ոգեշնչում Վարշավայի գետտոյի ապստամբությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանի պատմաբան Էդնա Ֆրայդբերգը հոդված է հրապարակել գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի և Վարշավայում հրեական գետտոյի երիտասարդների ապստամբության վրա նրա ազդեցության մասին: The Jewish Daily Forward-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Վարշավայի գետտոն իրական դժոխք էր երկրի վրա: Գերմանացիների գրաված Վարշավայի կենտրոնում գտնվող քաղաքային բանտերի գոտին 1940 թվականի նոյեմբերից շրջապատված էր փշոտ մետաղալարերով ամրացված բարձր պարիսպով, որն աչալրջորեն հսկում էին զինվորները: Գերմանիայի իշխանությունը հավաքել էր տարբեր տարիքի շուրջ 400.000 հրեաների 1.3 քառակուսի կիլոմետր տարածքում՝ յուրաքանչյուր սենյակում տեղավորելով միջինում 7-8 մարդու: Պայմաններն անտանելի էին. անբավարար սնունդ, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն: 1942 թվականի կեսերին սովից կամ հիվանդություններից մահացել էր 83.000 հրեա: Իսկ փրկվել հաջողված գրեթե 300.000 հրեաների գերմանացիներն արտաքսել են Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար՝ գազախցեր:

Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում գտնվող գետտոներում հրեաները գաղտնի դպրոցներ և գրադարաննեի էին բացում՝ միմյանց փոխանակելով գրքեր և հոգևոր արժեքներ կրող այլ մշակութային նյութեր: Վարշավայի գետտոյում ամենատարածված գիրքը չեխ-ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան  40 օրն» էր:

Վերֆելի վաղ ստեղծագործությունները նացիստներն այրել են դեռ 1933 թվականի մայիսին՝ դրանք պիտակավորելով որպես «հրեա գրողի թունավոր պտուղներ» և մեղադրելով գրողին խաղաղասիրության, ողջ մարդկության հանդեպ սիրո տարածման, Նացիզմի և ազգայնականության հանդեպ թշնամական ծաղրի համար: «Մուսա լեռան 40 օրը» գիրքը առաջին անգամ հրատարակվել է Ավստրիայում, նացիստների կողմից Գերմանիայում գրողի գրքերն այրելուց ընդամենը մի քանի ամիս անց: Վեպում մանրամասն նկարագրվում են Օսմանյան կայսրության իրականացրած քրիստոնյա հայերի համակարգված տեղահանություններն ու սպանությունները:  Հենց այդ գործողությունների շարքն էլ այժմ անվանում ենք Հայոց ցեղասպանություն:

Հիմք ընդունելով իրական փաստերը՝ Վերֆելը նկարագրել էր հայ տղամարդկանց պայքարն ամենադաժան պայմաններում: «Մուսա լեռան 40 օրը» վեպը գերմաներենից թարգմանել են բազմաթիվ այլ լեզուների ևս, այն դարձել էր ամենակարդացածներից մեկը ԱՄՆ-ում և Եվրոպայում, բացառությամբ՝ նացիստական Գերմանիայի, որտեղ այն արգելվել էր:

1934 թվականին The New York Times Book Review-ի խմբագիրը գրել էր. «Այս պատմությունը պետք է արթնացնի բոլոր մարդկային արարածների զգացմունքները: Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ունեցան հերոսների ճակատագրեր»:

Ընդամենը մի քանի տարի անց Վերֆելի պատմությունը դարձել էր հրեական գետտոյի գերիների ամենաընթերցած գիրքը: Վեպի կրկնօրինակները ձեռքից ձեռք հասնում էին հրեա երիտասարդներին՝  նրանց մեջ ապստամբելու քաջություն սերմանելով: Գետտոյի գաղտնի շարժման առաջնորները կոչ էին անում հրեաներին զենքի հետ վերցնել նաև Վերֆելի գիրքը:

Մի երիտասարդ գրել էր. «Մեզ միայն մեկ բան է մնում՝ գետտոյում հավաքական դիմադրություն կազմակերպել… ցանկացած գնով: Պետք է պատկերացնել, որ գետտոն մեր «Մուսա լեռն» է, և պատմության մեջ մի էջ նվիրել գետտոյին և մեր շարժմանը»: Վարշավայի գետտոյի դիմադրության շատ ղեկավարներին նույնպես ոգևորել էր Մուսա լեռան պայքարը: Եվրոպայով մեկ սփված հրեաների կյանքը վտանգված էր. մահվան սպառնալիքներն ամենուր էին: Դեպքերից ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն սպառնալիքներին ենթարկվել էին նաև հայերը:

Մենք պատմություն ենք ուսումնասիրում, որպեսզի ոգևորվենք և զգուշանալ սովորենք: Սակայն մենք պետք է հիշենք, իսկ Հայոց ցեղասպանությունը գրեթե ամբողջությամբ մոռացված էր այս երկրում:  Միայն 1915 թվականին The New York Times-ը հրապարակել է 145 պատմություն օսմանյան հարձակումների և հավաքական մահերի մասին:

Միլիոնավոր ամերիկացիներ աջակցում էին հայ փախստականներին՝ նրանց սնունդ և հագուստ մատակարելով: Իսկ որքա՞ն ամերիկացիներ են այսօր լսել այդ վայրագությունների մասին, որոնց հաղթահարման գործում այդպիսի հավաքական դեր ունեին իրենց նախնիները»:

Այս ամիս ոգեկոչվում է հայերի դեմ մասսայական հանցանքի 100-րդ տարելիցն է ոգեկոչվում: Ռաֆայել Լեմկինն, ով ստեղծեց «genocide» (ցեղասպանություն) եզրույթը 1944 թվականին՝ խորապես ազդված հայերի տառապանքներից, գրում է, որ հիշողության ֆունկցիան ոչ միայն անցյալը հիշելն, այլև մարդկային խիղճը շարժելն է: Լեմկինն, ով ինքը կորցրել էր ընտանիքը Հոլոքոսթի ժամանակ, ասել էր. «Ես անձնական ողբերգությունս բարոյական պայքարի վերածեցի»: Եթե մենք մոռանում ենք, ինչ էր եղել 1915-ին, ուրեմն, ո՞ր ուժեր են գերակայում իրականում: Ո՞ր գրքերն են ուղղորդելու մեր գործողությունները»:




Լրահոս