«Արթիկ» ՔԿՀ-ում դեմ են, որ Վահե Ղուկասյանն այնտեղ տեղափոխվի, իսկ Ղուկասյաններին այլ բան է մտահոգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, մոտ օրերս 26-ամյա Վահե Ղուկասյանին` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կտեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ: Մեզ հայտնի դարձավ, որ այս մասին «Արթիկ» ՔԿ հիմնարկի ղեկավարությանը պաշտոնապես դեռևս չի հաղորդվել, սակայն հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը դեմ է այս տեղափոխությանը:

Armlur.am-ի հետ զրույցում Վահե Ղուկասյանի հորեղբայր Գևորգ Ղուկասյանը դրական գնահատեց եղբորորդու տեղափոխությունը` նշելով, որ այդկերպ հարազատների համար շատ ավելի հեշտ կլինի տեսակցության գնալ ազատազրկվածին: Գևորգ Ղուկասյանի խոսքով, իրենց հայտնի է դարձել, թե «Արթիկ»-ում գործում է միայն փակ ռեժիմ, ինչը թեպետ անհանգստանալու տեղիք է տալիս, այդուհանդերձ, կարևորն այն է, որ Վահեն ծննդավայրին մոտ կլինի. «Արթիկում փակ է, բայց դե որքան մոտ լինի, ծնողների համար էնքան հեշտ կլինի գնալ-գալը: Իրենք էլ են նայում, որ բարդություններ չլինեն. Վահեին տանեն Գորիս, գորիսեցուն հասցնեն Գյումրի: Ավելի լավ է` բնակավայրին մոտ լինի»:

Մեր հարցին` հնարավո՞ր է արդյոք տեղափոխվելուց հետո նախորդ տարի ՔԿՀ-ում կազմակերպած խնջույքը կրկնվի, Գևորգ Ղուկասյանը բացասական պատասխան տվեց. «Ինքը բնավորությամբ խելոք տղա է, շնորհքով մարդ է, ուղղակի բան էր, պատահեց: Նման բաներ չեն կարող լինել»:

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնեց, որ «Արթիկ» ՔԿ ուղղիչ հիմնարկում, ըստ մեկուսացվածության աստիճանի, գործում են բոլոր տիպի ռեժիմները. այնտեղ միայն փակ չէ:

Իսկ թե ինչու են այդ դեպքում Ղուկասյաններն անհանգստացած, դժվար է հասկանալ:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի, երբ Վահե Ղուկասյանը կալանավորված էր, միջադեպ էր տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում: ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն արգելել էր, որ շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Շրջանառվող լուրերի համաձայն` ՔԿՀ պետն այս քայլին գնացել է` հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը Վահեին ասել է. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար և քեզ կտեղափոխեմ պատժախուց: Այնպես որ, պետք է կարգուկանոն լինի այստեղ»: Այս խոսակցությունից հետո Վահե Ղուկասյանին այցելության է գնում միայն նրա եղբայրը:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Գյումրիում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ), ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրն է, իսկ Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր:

Վահե Ղուկասյանը Գյումրիի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր. «17 տարին ի՞նչ է: Թող ցմահ տային: Հա, ավելի լավ կլիներ, որ ցմահ տային»:

Իսկ տարիներ առաջ փոխհրաձգության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու համար դատապարտվել էր նաեւ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ով մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո վաղաժամկետ ազատ արձակվեց: Այն ժամանակ պատմում էին, որ Սպարտակ Ղուկասյանը բանտում ապրում էր շատ ճոխ եւ արտոնյալ պայմաններում, ավելի ճոխ, քան շատերն ազատության մեջ: Ենթադրվում է, որ նույն կերպ իր պատիժը կկրի նաեւ Վահե Ղուկասյանը:




Լրահոս