Շառլ Ազնավուրի նոր ձայնասկավառակը հասանելի է երկրպագուներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ծննդյան 91­-րդ տարեդարձին ընդառաջ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին: Ամենահայտնի հայն աշխարհում նոր ալբոմ ձայնագրեց, որը մայիսի 4-­ից հասանելի է հանրությանը:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ՝ parisnormandie.fr կայքը տեղեկացնում է, որ «Encores»-­ը երգչի 51-­րդ ալբոմն է: 12 երգ ներառող նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը՝ խառնված ուրախությամբ, պարզությամբ և անմեղությամբ: Ավելի վաղ համացանցում հասանելի էր դարձել ձայնասկավառակի «Avec un brin de nostalgie» երգը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22­ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ­ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90­րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:




Լրահոս