Ռուսաստանն այնքան էլ հետաքրքրված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ. ռուս գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս հասարակական-քաղաքական գործիչ Կոնստանտին Կռիլովը չի կիսում այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվան կարող է դրական ազդեցություն ունենալ: Armlur.am-ի հետ զրույցում Կռիլովը, սակայն, նշեց, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կկատարի ՀԱՊԿ պարտավորթությունները և կկանգնի Հայաստանի կողքին:

– Պարոն Կռիլով, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով այնուհետև մեկնել է Ադրբեջան և հանդիպել Իլհամ Ալիևին: Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտությում Ֆրանսիայի դիրքորոշումը:

– Ֆրանսիան եղել է այն երեք երկրներից մեկը (Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին), որոնք դեռևս 1915թ. հանդես են եկել հայերի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը դատապարտող հռչակագրերով: Հետագայում Ֆրանսիան հետևողական և ավելի հետևողական, քան մյուս երկրները պնդեց, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Ֆրանսիան եղել է երկու երկրներից մեկը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ: Այնպես որ, տարօրինակ կլիներ սպասել, որ Օլանդը կանի այնպիսի բան, որը կտարբերվի այս հարցում Ֆրանսիայի վարած քաղաքականությունից:  Սակայն սա ուղիղ կերպով կապված չէ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման հետ: Ֆրանսիան ոչ մեկ անգամ ընդգծել է, որ չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, այլ հակառակը` ճանաչում է Ադրբեջանի սուվերենությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Սակայն Ֆրանսիան և Օլանդը հասկանում են, որ այս հարցում որևէ առաջընթաց չի լինելու, քանի որ երկու կողմերը (Հայաստան և Ադրբեջան) ոչինչ չունեն միմյանց առաջարկելու:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Մոսկվան պատրաստ է ամեն կերպ օգնել Հայաստանին:

– Պետք է հասկանալ այնպես, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանն իր գործընկերոջն անհրաժեշտ ռազմական օգնություն է ցուցաբերելու:

– Կարծիքներ են հնչում , թե ԵԱՀԿ Մինսկի խումբն ունակ չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը: Դուք ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

– Եթե իրական նայենք, ապա լուծումները երկուսն են. կա´մ Ադրբեջանի ռազմական հաղթանակ և հայ բնակչության արտաքսում, կա´մ երկար ժամանակով հարցի սառեցում, որի ժամանակ կողմերը կփորձեն զգուշավոր քայլերով գնալ միմյանց ընդառաջ` միաժամանակ փորձելով չկորցնել սեփական դեմքը:

– Իսկ հայ-թուրքական հարաբերությունների մասին ի՞նչ կարող եք ասել: Հայ -թուրքական արձանագրությունների վավերացման հնարավորություն տեսնո՞ւմ եք և այս հարցում ի՞նչ կարող է անել Մոսկվան:

– Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների բարի կամքի դրսևորման դեպքում Մոսկվան կարող էր անել այն, ինչ նման դեպքում անում են այլ պետությունները. ազդել երկու կողմերի վրա էլ,  որոնց  ծրագրերը կապված են Ռուսաստանի և ռուսական գործերի հետ:  Սա սովորական պրակտիկա է, այլ հարց է, որ դա պահանջում է դիվանագիտական աշխատանք, որը Ռուսաստանն ի վիճակի չէ կատարել, և ոչ էլ էապես հետաքրքրված է: Այնպես որ, այս հարցում էական առաջընթաց սպասել պետք չէ` որքան էլ , որ Ռուսաստանը հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերություններով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս