«Արտագնա աշխատանքների մեկնած քաղաքացիների համար եկամտային հարկ սահմանելը, մեղմ ասած, վիճահարույց է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելուն, համացանցի իր էջում գրում է. «Այսօր ընկերներիցս դիմեցին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների առնչությամբ իմ մոտեցումները պարզելու համար: Արտագնա աշխատանքների մեկնած քաղաքացիների համար եկամտային հարկ սահմանելը, մեղմ ասած, վիճահարույց է: Հավելենք, որ չենք կիսում սոցիալական ցանցերում անհարկի տարածված այն թյուր մեկնաբանությունը, թե իբր այսուհետ անվերապահորեն կհարկվեն բոլոր արտագնա աշխատանքի մեկնողները:

Խնդիրն այլ հարթության վրա է: Մասնավորապես, որո՞նք են նախաձեռնողների փաստարկները. շինարարությամբ զբաղված արտագնա աշխատողները կազատվեն ՌԴ-ում հարկերից, փոխարենը Հայաստանում կվճարեն կիսով չափ նվազ հարկ՝ 13 տոկոս, իսկ պայմանն այն է, որ արտագնա աշխատողը նախապես գրանցվում է ՀՀ համապատասխան գործատուի մոտ: Արտաքուստ գրավիչ նախաձեռնություն է: Կաբինետային պայմաններում կարելի է անգամ ակնկալել, որ ՌԴ-ի ռեգիստրի պետական պալատում գրանցված շինարարական կազմակերպություններն արագ կվերագրանցվեն ՀՀ-ում, որպեսզի հայտնվեն արտոնյալ կարգավիճակում, իսկ արտագնա աշխատանքների մեկնած աշխատողներն էլ կխզեն պայմանագրերը և նոր պայմանագրեր կկնքեն վերագրանցված կազմակերպությունների հետ:

Իսկ հիմա արտակաբինետային մի շարք հարցադրումներ՝

ա) ՌԴ-ի իրավասու մարմինները հանգիստ հետևելո՞ւ են միակողմանի նախաձեռնած քայլերին և ոչինչ չե՞ն ձեռնարկելու, որպեսզի պաշտպանեն իրենց հանրային շահերը,

բ) վստա՞հ եք, որ միայն եկամտային հարկի գործոնը բավարար է լինելու, որպեսզի տեղի ունենա կազմակերպությունների վերագրանցման գործընթաց,

գ) ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կկարողանա՞ն տենդերներ շահել ՌԴ-ում (չմոռանանք, որ Սոչիի օլիմիպիադայի լայնածավալ աշխատանքներն ավարտվել են, և իրավիճակը կտրուկ փոխվել է) և հավաքագրել արտագնա աշխատողների,

դ) կառավարության հավանությանն արժանացած ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար ակնհայտ նվազ շահութահարկ 5 տոկոս, սահմանելը որքանո՞վ է համահունչ մրցակցության սկզբունքին (հարկային արտոնություններ կարող են սահմանվել միայն օրենքով և այնպիսիք, որպիսիք աղերսներ չեն ունենա մրցակցության սկզբունքի հետ) և այլն: Մնում է հուսալ, որ ՌԴ-ում լիակատար անտարբերությամբ ու հանգիստ կվերաբերվեն: Խնդրում եմ արձագանքները լինեն միայն բանավեճային հարթության վրա, էմոցիոնալ ֆոնը թողնենք մի ուրիշ անգամվա համար …»:




Լրահոս