Վերջին շրջանում դերասան Արսեն Լեւոնյանի անձը ամենաքննարկվողներից է սոցցանցերում: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արսենն իր սիրելիի հետ լուսանկար հրապարակեց «Ֆեյսբուք»-ում: Դրանից հետո կայքերը գրեցին, թե դերասանը գաղտնի ամուսնացել է, ապրում է քաղաքացիական ամուսնությամբ, սակայն այդ լուրերը շուտով հերքվեցին: «Ժողովուրդ»-ը Արսեն Լեւոնյանի հետ զրուցել է նրա անձնական կյանքին վերաբերող որոշ հարցերի մասին, հետաքրքրվել է նաեւ ստեղծագործական կյանքին առնչվող թեմաներով:
-Արսե՛ն, օրերս «Ֆեյսբուք» սոցցանցի Ձեր էջում տեղադրել էիք մի լուսանկար, որում Նոնա անունով մի աղջկա հետ էիք: Լուսանկարը վերնագրել էիք «Իմ հրաշք»: Այն մեծ տարածում գտավ սոցցանցերում եւ կայքերում: Հետաքրքիր է` Դուք եւ Ձեր սիրելին արդեն պատրաստվո՞ւմ եք օրինականացնել Ձեր հարաբերությունները, թե՞ դեռ ոչ:
-Ընդհանրապես թեմա չկա:
-Ի՞նչ առումով:
-Այն առումով, որ ես միայնակ եմ, եւ վերջ:
-Արդե՞ն: Բայց ողջ համացանցը ողողված է Ձեր եւ Ձեր սիրելիի մասին լուրերով:
-Գիտեք ինչ` մարդու անձնականը քննարկելը շատ սխալ ու վատ բան է:
-Բայց Դուք հանրային դեմք եք եւ հետաքրքրում եք մարդկանց:
-Դա կապ չունի. ես հասարակ տղա եմ ու իմ անձնականը պահում եմ, որովհետեւ այն իմն է:
-Լավ, այսինքն՝ Դուք հերքո՞ւմ եք, որ ընտրյալ ունեք:
-Հերքելու հարցը չի, ես չեմ ուզում խոսել այդ թեմայից ընդհանրապես:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձնական կյանքի մասին տարածվող լուրերին: Ավելի լա՞վ չէ՝ Դուք հանդես գաք որեւէ հայտարարությամբ, որպեսզի խոսակցությունները ճիշտ ուղով ընթանան:
-Եթե հայտարարելու լինեմ, կհայտարարեմ: Ես դրան վերաբերում եմ նորմալ. փաստորեն, ես այդքան կամ, որ իմ մասին լուրեր են պտտվում: Դա համարում եմ միայն ուրախալի փաստ:
–Լավ, անդրադառնանք ստեղծագործական բնույթի հարցերին. ինչո՞ւ վերջին շրջանում շատ չեք երեւում էկրաններին:
-Հրավերներ շատ կան, ուղղակի ես հանգստանում եմ, ուզում եմ նորմալ կենսակերպով ապրել: Բացի այդ` որքան էլ հանդիսատեսի կողմից սիրված լինես, պետք է քեզ կարոտել տաս…
-Իսկ երբեւէ մտածե՞լ եք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն վերադառնալու մասին:
-Այնտեղ վերադառնալու միտք չունեմ, բայց որ թատրոնը շատ կարոտում եմ ու դրանով ապրում եմ, միանշանակ:
-Չե՞ք կարող, թե՞ չեք ուզում վերադառնալ:
-Դա անձնական հարց է. թատրոնն էլ է ինձ համար սրբություն:
-Արսե՛ն, երբեմն Ձեզ նմանեցնում են Ձեր եղբորը` դերասան Խորեն Լեւոնյանին: Այդ հանգամանքը Ձեզ ուրախացնո՞ւմ է, թե՞ արդեն նաեւ նյարդայնացնում է:
-Միմիայն ուրախ եմ, որ ինձ համեմատում են իմ եղբոր հետ, որովհետեւ եղբայրը եղբորը չի կարող նման չլինել, նախ` որովհետեւ նույն մորից եւ հորից են, երկրորդ` դրանից գեղեցիկ բան չկա, եւ հետո` արվեստը չի կարելի կապել նմանության հետ. դա պարապ-սարապ մարդկանց գործն է, ես միշտ նյարդայնացել եմ նման մարդկանցից:
-Բանն այն է, որ նմանեցնում են ոչ թե արտաքինը, այլ խաղը:
– Ես էլ ասում եմ` եղբայրը եղբորը ո՞նց կարող է նման չլինել:
-Երբեմն այնպիսի տպավորություն է, որ արտաքինը, անձնական կապերը Ձեր ոլորտում առաջնային են, իսկ տաղանդը մղվել է երկրորդ պլան: Ի՞նչ կասեք:
-Բնականաբար սխալ է: Այդ հարցը հղեք ռեժիսորներին, պրոդյուսերներին, այն մարդկանց, ովքեր ընտրում են նրանց, որոնք ուզում են դեր ունենալ հայ մշակույթի զարգացման մեջ, բայց այդպես էլ դա ի կատար չի ածվում:
-Դուք Ձեր պապիկի մասնակցությամբ ֆիլմերը հաճա՞խ եք դիտում, առաջին դասը, որ նրանից քաղել եք, ո՞րն է:
-Նախեւառաջ ասեմ, որ ես բախտ եմ ունեցել Խորեն Աբրահամյանի հետ խաղալ Սունդուկյանի անվան թատրոնում, այն ժամանակ չորս տարեկան էի: Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա ասեմ, որ ամեն անգամ դիտում եմ «Սարոյան եղբայրներ»-ը, որից ես նախեւառաջ սովորում եմ, թե ինչպես լինել տղամարդ:
-Եվ վերջում` կա՞ մի գեղարվեստական ֆիլմ, որի շրջանակում առաջիկայում կտեսնենք Ձեզ:
-Մի ռուս ռեժիսորից առաջարկ եմ ստացել, քննարկումների փուլում ենք, ոչ մի բան դեռ պարզ չէ, սպասողական վիճակում եմ …
Աննա Բաբաջանյան