ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵՌ ԴԱՏԱՎՈՐ ՉՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորի պաշտոնը թափուր է: Անցած տարվա սեպտեմբերից հետո Հայաստանն արդեն երկու անգամ կազմակերպել է ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից նշանակվելիք դատավորի թեկնածուների ընտրություն: Թվում էր, թե ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 20-ից 24-ը, պետք է որ այդ հարցը լուծվեր, բայց մինչ օրս այն մնում է առկախված:

Սա այն դեպքում, երբ վերջին ընտրությունները, որոնք տեղի ունեցան այս տարվա փետրվարի 26-ից 27-ը, դեռեւս մարտի 2-ին ամփոփվել են: Նշենք, որ ընտրությունները կազմակերպած հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ որոշվեց, որ հաղթողները ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է, իրավաբան Արայիկ Ղազարյանը եւ ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Այնուհետեւ տեղի ունեցան երկրորդ ընտրությունները, որոնք գրեթե նույնությամբ կրկնեցին առաջինի արդյունքները: Հիշեցնենք, որ 2014-ին հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության արդյունքներով կրկին հաղթողներ էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եւ իրավաբան Արայիկ Ղազարյանը: Տարբերությունն այն էր, որ նախորդ ընտրության ժամանակ երրորդ հաղթողը, որը անպայման կին պետք է լիներ, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանն էր:
Իսկ հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընտրությունների ժամանակ միեւնույն` չորրորդ տեղն էր զբաղեցրել եւ հաղթողների ցանկից դուրս էր մնացել: Ի սկզբանե հայտնի էր, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի թույլ չտան, որ Վահե Գրիգորյանն ընդգրկվեր ԵԴ դատավորների թեկնածուների ցանկում, եւ ցանկացած պարագայում նրան չէին ընդգրկելու հաղթող եռյակում: Բայց մյուս կողմից փաստ էր, որ առաջին մրցույթը տապալվեց հիմնականում հենց Վահե Գրիգորյանի ջանքերով: Իսկ արդյո՞ք նա չի կարողանա նաեւ երկրորդի ժամանակ եւս ապացուցել, որ ընտրությունները ուղղորդվել են եւ խախտումներով են տեղի ունեցել: Այս պահին առկա վիճակը թույլ է տալիս ենթադրել, որ նման հեռանկարը շատ իրատեսական է, եւ բացառված չէ՝ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ստիպված լինի անվավեր ճանաչել ԵԴ Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ իր կողմից ստորագրված փաստաթղթերը եւ նշանակել նոր ընտրություններ:
«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, ով ԵԴ դատավորի՝ Հայաստանի թեկնածուների երկու ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ խորհրդատվական խումբը ԵԴ Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրությունների վերաբերյալ իր եզրակացությունը դեռ չի հրապարակել: Իսկ այդ եզրակացությունն անհրաժեշտ է, որպեսզի դրանից հետո նոր Հայաստանն իր թեկնածուների ցանկը պաշտոնապես ներկայացնի ԵԽԽՎ-ի քննարկմանը: Առաջին անգամ հենց այդ խմբի բացասական եզրակացությունն էր եղել պատճառը, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել էին ընտրությունների արդյունքները ԵԽԽՎ ուղարկելու մտքից եւ նոր ընտրություններ էին նշանակել:
Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանին` հունիսի 22-ից 26-ը, ընդամենը մեկ ամիս ժամանակ է մնացել, ապա դժվար թե այդ նստաշրջանի ընթացքում ԵԴ Հայաստանի դատավորի հարցը քննարկվի:
Նկատենք, որ ԵԴ Հայաստանի դատավորի հետ կապված այս պատմությունը մեկ այլ կողմ եւս ունի: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները այնքան տոգորված են իրենց համար անցանկալի հայտնի փաստաբանին այդ ցանկում չընդգրկելու մտքով, որ դրա արդյունքում Հայաստանին հավասարեցրին Ադրբեջանին: Բանն այն է, որ գարնանը լրացել է ԵԴ-ում Ադրբեջանի դատավորի պաշտոնավարման ժամկետը: Ըստ Լուսինե Հակոբյանի՝ ԵԴ Ադրբեջանի թեկնածուների վերաբերյալ ԵԽԽՎ-ի խորհրդատվական խումբը կրկին բացասական եզրակացություն է տվել: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները մի փոքր իրենց հաշիվ տային, ապա ԵԴ-ում Հայաստանի դատավորի նշանակման գործընթացը վաղուց ավարտված կլիներ, եւ այսօր արդեն այդ ամենը նաեւ կնպաստեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ոչ թե կնպաստեր, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դիտարկվեր:
Հ.Գ. ԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների՝ հայտնի ներկայիս իրավական փուլի վերաբերյալ հարց ենք ուղղել ՀՀ ԱԳ նախարարությանը, որտեղից խոստացել են առաջիկայում մեզ պատասխանել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հրավերով նրանց հետ պետք է հանդիպի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ-ական պատգամավորների այս նախաձեռնության նպատակը համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները ստանալն է: Ինչպես հայտնի է՝ Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի թվով 22 համայնքներում մայիսի 17-ին պետք է տեղի ունենա հանրաքվե` համայնքների խոշորացման հարցով: Միջինը մոտ յոթ գյուղերի միավորմամբ նախատեսվում է ստեղծել երեք խոշոր համայնք վերը նշված մարզերում: ԲՀԿ-ական պատգամավորներին հետաքրքրում է, թե ըստ փոխնախարարի՝ ինչպես են տրամադրված գյուղացիները: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ խնդրի հետ կապված բազմաթիվ հարցեր են ստացել տարբեր համայնքի բնակիչներից եւ փորձելու են դրանց հետ կապված պարզաբանումներ ստանալ: Ի դեպ, նախօրեին էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներն իրենց մոտ էին հրավիրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Առաջիկայում էլ նախատեսում են հանդիպել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ՈՒՐ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը 2014 թվականի հայտարարագիրը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Բանն այն է, որ նշված հանձնաժողովը մինչ օրս չի հրապարակել պատգամավորի հայտարարագիրը: Մինչդեռ, ըստ օրենսդրության, հայտարարագիրը ստանալուց հետո, եթե նրա հետ կապված տեխնիկական հարցեր չեն լինում, ապա եռօրյա ժամկետում հանձնաժողովն այն հրապարակում է իր պաշտոնական կայքում: Պատգամավորի՝ 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա աշխատավարձը կազմել է 3 մլ 88 հազար դրամ: Իսկ նրա կնոջ` Աիդա Աղաքարյանի դրամական միջոցները 2013-ին կազմել են 400 հազար դոլար: Նշենք, որ ՀՀԿ-ական այս պատգամավորը շուրջ երեք տարի՝ խորհրդարանում գտնվելու ընթացքում, երբեւէ ելույթով հանդես չի եկել եւ մշտապես աշխատել է լրագրողների աչքից հեռու մնալ: Իսկ եթե որեւէ լրագրող էլ նրան կարողանում է «բռնացնել» եւ հարց ուղղել, ապա Սոֆոյանը միշտ նույն պատասխանն է տալիս. «Շտապում եմ, թող մնա հաջորդ անգամ»:

 

ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկվա դրությամբ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները դարձան չորսը: Վահագն Գեւորգյանը, Կարապետ Իսրայելյանը եւ Արթուր Հարությունյանը (Պալաչ) նախորդ օրն էին առաջադրվել: Երեկ նրանց է միացել անկուսակցական եւ ոչ մի տեղ չաշխատող Սամվել Հակոբյանը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ
Մայիսի 22-28-ը Օտտավա կայցելի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Աղվան Վարդանյանը: Իսկ մայիսի 17-20-ը Աթենք կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Հարավային Հունաստանի եւ կղզիների պոնտական ասոցիացիաների միության հրավերով մասնակցելու պոնտացի հույների ցեղասպանության հիշատակման արարողություններին:

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 605 մլն դոլար՝ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2 տոկոսով։ Աճի ցուցանիշով Հայաստանն առաջատար է ԵՏՄ երկրների շարքում։ Ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 0.7 տոկոսով եւ կազմել 212 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական ծավալը աճել է նաեւ Ղազախստանում՝ 0.6 տոկոս, եւ կազմել 18.3 մլրդ դոլար։ Բելառուսում հունվար-մարտ ամիսներին գրանցվել է արդյունաբերական արտադրության 7.3 տոկոսի անկում՝ հասնելով 11.6 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում ծավալը նվազել է 0.7 տոկոսով՝ հասնելով 181.5 մլրդ դոլարի։

 

ԿՄԵԿՆԻ ՍԼՈՎԱԿԻԱ
Մայիսի 15-ին Բրատիսլավայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Սլովակիա։

 

ԸՆԴԴԵՄ «ԳԱԶՊՐՈՄԻ»
Լեհաստանի խոշոր էներգետիկ Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) ընկերությունը դիմել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ռուսական «Գազպրոմ» ու «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունների դեմ՝ բնական գազի գների վերանայման մասին հայցով: Նշենք, որ «Գազպրոմը» Լեհաստան բնական գազի ամենախոշոր մատակարարն է:

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Կառավարության նիստում երեկ որոշում է կայացվել Արտակ Գրիգորյանին նշանակել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:

 

ԷԼԻ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵՆ
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է գյուղացիներին տրվող վարկերին: Նա հայտնել է, որ 14 տոկոսով վարկը տրամադրում էր «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկը: «Կառավարությունը սուբսիդավորում էր վեց տոկոսը, եւ գյուղացուն հասնում էր ութ տոկոսով մատչելի վարկային ռեսուրս: Հիմա ռեսուրսների պակաս ունի Կենտրոնական բանկը, եւ ես երեկ՝ ուշ երեկոյան, նախագահի հետ քննարկել եմ, ու որոշում ենք կայացրել, որ պետական բյուջեից այս տարվա ընթացքում 10 միլիարդ դրամ գումար կհատկացնենք Կենտրոնական բանկին, նա կտրամադրի «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկին եւ մյուս այլ բանկերին, որոնք զբաղվում են այդ ծրագրով, եւ 6 տոկոս Կառավարությունը կսուբսիդավորի, ու մեր գյուղացուն կտրամադրվի դրամով վարկ 8 տոկոսով` մինչեւ 2 տարի ժամկետով»,- ներկայացրել է վարչապետը:




Լրահոս