Սուրիկ Խաչատրյանի համար ամեն ինչի պատրաստ է. ով է ԱԺ-ում «փայլած» պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի թիվ 37 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանն այդպես էլ անհայտ կմնար հանրությանը, եթե չլինեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած միջադեպն ու դրա մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները:

Գատղնիք չէ, որ  հայրենի խորհրդարանի 131 պատգամավորներից շատերը երբևէ ելույթով, հարցով կամ ակտիվ գործունեությամբ աչքի չեն ընկնում: Այդպես է նաև Հայկ Գրիգորյանի դեպքում: Ուսումնասիրելով նրա պատգամավորական գործունեությունը, տեսնում ենք, որ նա դեպքից դեպք է հարցազրույց տալիս, իսկ նիստերի դահլիճում էլ առհասարակ ակտիվություն չի ցուցաբերում: Թերևս միակ դրական կողմն այն է, որ հազվադեպ  է բացակայում նիստերից:

Ինչից սկսվեց ամեն ինչ

Պատգամավորն իր մասին հիշեցնել տվեց օրեր առաջ, այն էլ այն բանից հետո, երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում հիշեցրեց Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին: Վերջինիս խոսքերից այնքան էր նեղսրտել Հայկ Գրիգորյանը, որ շտապեց խոսք խնդրել և Փոստանջյանին խորհուրդ տվեց իրեն չդնել ամենայն հայոց դատավորի տեղ:

Նշենք, որ հենց այդ նույն օրը տեղի ունեցավ նաև Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան հայտնի վիճաբանությունը, որտեղ գեներալ-պատգամավորն ամեն կերպ պաշտպանում էր մարզպետի ընտանիքին: Սեյրան Սարոյանի խոսքերից ոգևորված` Սուրիկ Խաչատրյանի հավատարիմ Գրիգորյանը հաջորդ օրն արդեն ելույթ ունեցավ խորհրդարանում և վիրավորանքներ հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորի հասցեին:

«Տեսնելով, թե իմ գործընկերներից մեկն ինչպես է զարկ տվել իր մթագնած երեւակայությանը, չեմ կարող չպատասխանել նրան։ Իմ գործընկերն ամեն ինչ անում է, որ մարզպետի որդուն դարձնի մեր ժամանակների հակահերոս։ Նման բան միայն նրա ճղճիմ մտածելակերպի արգասիքն է։ Ինձ անհանգստացնում է նաև իմ գործընկերներից մեկի հոգեկան եւ մտավոր վիճակը։ Մարդասիրությունը նշանակում է կարեկցել հոգեկան խնդիրներ ունեցող որոշ մարդկանց։ Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել համապատասխան բժշկական եւ հոգեկան աջակցություն», – հայտարարել էր նա։ Չբավարարվելով իր այս արտահայտություններով՝ սյունեցի պատգամավորը վիրավորանքներ հնչեցրեց նաև իրեն մոտեցած լրագրողների հասցեին:

Ի վերջո` ով է Հայկ Գրիգորյանը

Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ Google որոնողական համակարգում Հայկ Գրիգորյանի մասին տեղեկություններ կամ լուսանկարներ գրեթե չկան: Այժմ նրա մասին տեղեկություն փնտրելիս կարող ես հանդիպել միայն Զարուհի Փոստանջյանին վերաբերող ելույթի մասին հոդվածներ: Մինչ այդ միայն կարող էիր իմանալ, որ նա Գորիսեցի է: Ուսումնասիրելով նրա կենսագրական տվյալները՝ տեսնում ենք, որ նա 2006թ. միաժամանակ ավարտել է Գորիսի պետական համալսարանը, մեկնել բանակ և անդամագրվել ՀՀԿ-ին: 2009-2012թթ. աշխատել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: 2012թ. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեթև ձեռքով էլ հայտնվել է խորհրդարանում: Նրան ավելի շատ ճանաչում են հենց որպես Խաչատրյանի պատգամավոր:

Ուսումնասիրելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ երիտասարդ պատգամավորը  2014թ. ընթացքում 5 մլն դրամով ձեռք է բերել LEXUS ES 300 մակնիշի մեքենա: Հայտարարագրում բացակայում են նրա դրամական միջոցների մասին տվյալները, իսկ եկամուտի մասին տվյալներից պարզ է դառնում, որ 2014թ. պատգամավորը վաստակել է 4 մլն 360 հազար դրամ, որն էլ գոյացել է աշխատավարձից:

Դատելով նրա պահվածքից` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երիտասարդ պատգամավորը հանուն մարզպետի ու նրա բարօրության պատրաստ է ամեն ինչի, այդ թվում և հակահարված տալ Խաչատրյանի մասին «թթու» խոսք ասած յուրաքանչյուրին:




Լրահոս