Ուզում եք, որ բոլորն իրար սպանե՞ն, սրո՞ւմ եք ամեն ինչ. Գազի Հովոն` Արգամ Աբրահամյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված, անկուսակցական ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, հանելու է իր թեկնածությունը: Ի դեպ, այս մասին «Ժողովուրդ»-ը կանխատեսել էր դեռևս մայիսի 20-ի իր համարում:

Մինչ Հովհաննես Ղազարյանի ինքնաբացարկին անդրադառնալը, նշենք, որ Գազի Հովոն «Գազպրոմ Արմենիա»-ի Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է, ով վարչապետի եւ նրա գերդաստանի հետ թշնամության պատճառով ստիպված եղավ մի որոշ ժամանակով Հայաստանից Ուկրաինա արտագաղթել: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Աբրահամյանի որդու ու նրա թիկնապահների եւ Գազի Հովոյի կողմնակիցների միջեւ վիճաբանություններ էին տեղի ունեցել: Ի դեպ, Գազի Հովոյին էին վերագրել նաեւ Ջոնիկ Աբրահամյանի դեմ իրականացված մահափորձը: Նա Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականն է:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Հովհաննես Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչու նա որոշեց պայքարի կեսից հետ կանգնել:

-Պարո՛ն Ղազարյան, տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դուք ինքնաբացարկ եք հայտարարում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:

-Ճիշտ են ասում, հանում եմ:

-Ի՞նչն է պատճառը:

-Ես մտածում եմ, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ քաղաքապետ կլինի: Քաղաքի համար շատ բան կանի: Նա ավելի երիտասարդ է: Այնպես է, որ մենք՝ արտաշատցիներս, երազում ենք լավ քաղաքապետ ունենալ ու կունենանք:

-Պարո՛ն Ղազարյան, մինչ այս, ակտիվ քննարկվում էր այն մասին, որ Դուք Աբրահամյանների երդվյալ թշնամին եք: Գուցե Ձեզ ճնշե՞լ են, որ հրաժարվեք, ինքնբացարկ հայտարարեք:

-Դուք հայտարարում եք, Դուք էլ՝ պատասխանում: Ես բազմիցս ասել եմ, որ մենք դեռեւս չորս տարի առաջ հաշտվել ենք, երեխաներն էլ են իրար հետ շփվում, մենք էլ: Դուք զոռով-զոռով ուզում եք, որ անպայման ընենց մի բան լինի, որ… Ձեր սիրտը վա՞տ բաներ է ուզում: Ասում եմ՝ հաշտվել ենք: Ամեն օր, օրական մի քանի անգամ կրկնե՞մ: Ուզում եք, որ բոլորն իրար սպանե՞ն: Սրո՞ւմ եք ամեն ինչ:

-Դուք նշեցիք, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ քաղաքապետ կլինի: Դուք Ձեզ թերագնահատո՞ւմ եք: Ձեր ուժերի վրա վստահ չե՞ք:

-Ես իմ ուժերի վրա վստահ եմ, բայց հանգամանքներ կան:

Ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը:

-Դուք պետք է հասկանաք, որ ավելի լավ կկառավարի Արգամ Աբրահամյանը, քան Հովհաննես Ղազարյանը: Եթե ես քաղաքին վերաբերող հարցեր ներկայացնեմ, որոնք պետք է լուծվեն, ապա դրանցից կարող է մեկ-երկուսը լուծվի, մյուսները՝ ոչ: Իսկ նրա դեպքում բոլոր հարցերն էլ կլուծվեն: Լոգիկա է: Ինչո՞ւ եք ուզում, որ անպայման ես իմ բերանով ասեմ, Դուք չե՞ք հասկանում դա:

-Դա կապվա՞ծ է իր հոր՝ վարչապետի զբաղեցրած դիրքով:

-Ամեն ինչն էլ մեկը մյուսի հետ կապված է: Անպայման ուզում եք, որ իմ բերանով ասեմ: Մի քիչ էլ Դուք մտածեք ու կհասկանաք, որ ես ճիշտն եմ ասում:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս