Ադրբեջանը ծեծված բանաձև ունի. եթե ուզում եք, որ որևէ բան անեմ, տվեք Ղարաբաղը. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կարծում եմ, որ ակնհայտորեն ոչ բոլորն են գոհ նրանից, ինչ ստացվեց Ռիգայում: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովին, ասաց միջազգային փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Նկատելի էր, որ բոլոր կողմերն ավելի մեծ սպասումներ ունեին գագաթաժողովից և ուզում էին, որ ավելի լուրջ որոշումներ կայացվեին:  Դա, օրինակ, կարող էր լինել վիզային ռեժիմի հանումը կամ, օրինակ, Հայաստանի դեպքում պայմանագիր ստորագրելը, իսկ Եվրամիության դեպքում` բոլոր  երկրների հետ համագործակցության խոր զարգացումը»-  նշեց նա:

Ստյոպա սաֆարյանը ընդգծեց` կարող էր ավելի վատ արդյունքներ գրանցվեր և այն, ինչ կա, թեև շատ փոքր, բայց կարևոր քայլ է: «Ակնհայտ է, որ Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, թերևս, արտացոլում է այն միջավայրը, որն արդեն երկար ժամանակ ստեղծվել է Արևելյան գործընկերության շուրջ: Հետևաբար, կարող էր ամեն ինչ ավելի վատ լինել և Արևելյան գործընկերությունը կարող էր նույնիսկ սա չարձանագրեր: Հայաստանը գոնե պահպանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հնարավորությունը և մանդատ է տրվել նոր բանակցություններ սկսելու համար», – ընդգծեց նա:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Ադրբեջանի պահվածքն անակնկալ չի եղել: Նա նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէր որևէ բան ստորագրելու: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե հրաժարվում է ստորագրել ԱլԳ ամփոփիչ հռչակագիրը` դրանում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների պատճառով: Եվրոպայի խորհրդի նախագահ Դ. Տուսկը ստիպված եղավ 2 օրվա մեջ երկրորդ անգամ զանգահարել Իլհամ Ալիեւին` այս անգամ համոզելու համար, որ Ադրբեջանը ստորագրի հռչակագիրը:

«Այն, ինչ պատրաստ է Ալիևը ստորագրեր, դա այդ երկրի համար ոչինչ չի ավելացնի, քանի որ վերջինս չի ցանկանում խորը հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ: Ալիևը հակառակ ուղղությամբ է գնում, նա ցանկանում է միջազգային կառույցների վերահսկողությունից դուրս գալ, քանի որ երկրում ստեղծված իրավիճակը չի տեղավորվում այդ կանոնների մեջ», – ընդգծեց Սաֆարյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը քանի տարի է` ծեծված բանաձև ունի, որը հետևյալն է. «Եթե ուզում եք, որ ես որևէ բան անեմ, ապա դրա դիմաց տվեք Ղարաբաղը»: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն ինչի դիմաց տարածքներ է ուզում, նույնիսկ ԵՏՄ-ի անդամակցության համար:

«Ալիևը փորձում է առիթն օգտագործել` շանտաժի ենթարկելու և քաղաքական ձևակերպումներ ստանալու համար: Չմոռանանք, որ իր ռազմական արկածախնդրությունն իրականացնելու համար Ալիևին միջազգային թղթեր են անհրաժեշտ, որոնք կլեգիտիմացնեն դրանք: Եվրամիությունը հրաշալի հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, և թույլ չտվեցին դա անել», – եզրափակեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս