Էլցանցերը արհամարհում է ՀՀ օրենսդրությունը. ներկայիս սակագինն անգամ չափազանցված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած էլեներգիայի սակագնի բարձրացման վերջին հայտին կից նյութերն ուսումնասիրելիս կարելի է կարծել, որ այս ընկերության ղեկավարությունն բոլորովին այլ իրականությունում է ապրում: Այդ նյութերի մեծ մասը ոչ թե հիմնավորում են սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, այլ հակառակը` հիմնավորում են, որ ներկայիս սակագինն էլ չափազանցված է:

Այսինքն՝ ՀԷՑ-ի տնօրինությունը համոզված է, որ ՀԾԿՀ-ն չի համարձակվի իրեն հակաճառել եւ հրաժարվել էլէներգիայի սակագինը բարձրացնելուց, վատագույն դեպքում իրենց պահանջը մասնակի կբավարարի:

Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտերը սովորաբար դիտարկվում են միայն ընդհանուր հաշվարկային ցուցանիշների տեսանկյունից, իսկ դրանց հիմքում դրված հաշվարկները, պայմանագրերը եւ մնացած փաստաղթերը հիմնականում անտեսվում են: Բայց ամենակարեւոր տվյալները հենց այդ կից նյութերում են: Մասնավորապես, սակագնի հաշվարկի մեջ ներառված են նաեւ առաջիկա տարում իրականացվելիք վերանորոգման եւ շինարարության ծախսերը: Այդ նպատակով ՀԷՑ-ն առաջիկա տարում` 2015-ի հուլիսի 1-ից 2016-ի հունիսն ընկած ժամանակահատվածում, նախատեսում է ծախսել 8 միլիարդ 4 մլն դրամ: Երբ ուսումնասիրում ենք վերանորոգման եւ շինարարության համար գնվելիք ապրանքների գները, տեսնում ենք, որ դրանք ներկայացված են շուկայականից անհամեմատ բարձր: Ասենք, ցեմենտի գնման գինը նախատեսված է տոննան 57 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ անգամ անհատները մանրածախ ցեմենտը վաճառում են տոննան 56 հազար դրամով, իսկ մեծածախ արժի 45-ից 47 հազար դրամ: Ու եթե հաշվի առնենք, որ ՀԷՑ-ը տասնյակ տոննաներով է գնելու, ապա ակնհայտ է, որ այդ դեպքում գինն ավելի էժան կարող է լինել: Ասենք, պողպատյա մետաղալարի գինը ներկայացված է տոննան 560 հազար դրամ, ինչը եւս շուկայականից մոտ 100 հազարով ավել է, լուծիչի («ռաստվարիտել») գինը ներկայացված է 850 դրամ, ասենք, «Գնունու» շինանյութի շուկայում հենց այդ գինն է, բայց ՀԷՑ հարյուրավոր լիտրեր է գնելու, եւ նույնիսկ շուկայի առեւտրականները նման ծավալների դեպքում հաստատ ավելի էժան գին կառաջարկեն: Այս թվարկումը կարող ենք շարունակել, բայց անցնենք անշարժ գույքի վարձակալության թեմային:

Ասենք, Դիլիջանում վարձակալած 147,7 քառակուսի մետր մակերեսով տարածքի վարձակալության դիմաց ՀԷՑ-ը, ըստ հրապարակված պայմանագրի, վճարում է ամսական 385 հազար դրամ: Նույնիսկ Երեւանի կենտրոնում նույն մակերեսով տարածքի վարձավճարն այդքան չարժի: Մեկ այլ պայմանագրով ՀԷՑ-ը 1 մլն 110 հազար դրամով վարձակալել է 160 ք/մ մակերեսով բնակարան Երեւանի Արաբկիր թաղամասում, կամ 1 մլն 90 հազար դրամով բնակարան են վարձակալել Հյուսիսային պողոտայում, եւ այսպես շարունակ: Ուշագրավ է այն փաստը, որ բոլոր պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները եւ հողամասերը վարձակալվել են բավական համեստ գներով, իսկ, ասենք, մասնավոր տարածքների դեպքում անընդհատ հանդիպում ենք աստղաբաշխական թվերի: Ավելին՝ անհասկանալի է, թե ՀԷՑ-ն ինչու է թանկ գներով այդքան շատ շենք-շինություններ վարձակալել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԷՑ-ն այդպես կոնկրետ մարդկանց ֆինանսավորել է, իսկ թե ով են այդ մարդիկ, միայն պատկան մարմինները կարող են պարզել:

ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված կա եւս մեկ խնդիր, ինչը ոչ միայն փաստում է, որ ներկայացված տվյալներն արժանահավատ չեն, այլ նաեւ բնորոշում է, թե այդ ընկերությունն ինչպես է վերաբերում ՀՀ օրենսդրությանը: Բանն այն է, որ կից նյութերում ներկայացված են ՀԷՑ-ի կողմից պատվիրված ուսումնասիրություններ, ինչպես նաեւ՝ մասնագիտական գրականություն:

Նկատենք, որ բոլոր փաստաթղթերը ռուսերեն են` առանց հայերեն թարգմանության: Միչդեռ ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ փաստաթղթերը ներկայացվեն պատշաճ թարգմանությամբ: Այսինքն՝ ՀԷՑ-ը բացահայտ արհամարհում է ՀՀ օրենսդրությունը: Ու ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը փոխանակ ՀԷՑ-ից պահանջի, որ չոտնահարեն ՀՀ պետական լեզուն, վախենում է անգամ առաջարկված հայտը մեղմելու առաջարկ անել: Ու պետական անթասիբության այսպիսի դրսեւորմամբ էլ երկիր են կառավարում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս