Համայնքները, իրենց կամքին հակառակ, կխոշորացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Հայաստանի երեք մարզերի՝ Լոռիի, Սյունիքի եւ Տավուշի մի շարք գյուղերում համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներ են անցկացվել: Լոռու եւ Տավուշի մի քանի համայնքներում բնակիչների մեծ մասը դեմ է քվեարկել համայնքների խոշորացմանը: Սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք շրջելու են այդ գյուղերով եւ զրուցելու են մարդկանց հետ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով` Լոռու մարզում գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Աթան գյուղում 42 բնակիչ «այո» է քվեարկել համայնքների խոշորացմանը, իսկ 55-ը՝ «ոչ», Ահնիձորում 33-ը՝ «այո», 40-ը՝ «ոչ», Թումանյանում 576-ը՝ «այո», 36-ը՝ «ոչ», Լորուտում 125-ը՝ «այո» 115-ը՝ «ոչ», Մարցում 99-ը՝ «այո», 31-ը՝ «ոչ», Շամուտում 19-ը՝ «այո», 64-ը՝ «ոչ», իսկ Քարինջում 113-ը՝ «այո», 83-ը՝ «ոչ»: Տավուշի մարզի Գոշ գյուղում 103 քաղաքացի «այո» է քվեարկել, իսկ 172-ը՝ «ոչ», Թեղուտում 167-ը՝ «այո», իսկ 222-ը՝ «ոչ», Հաղարծինում «այո» քվեարկել է 243 քաղաքացի, իսկ «ոչ»՝ 444-ը:

Սյունիքի մարզի Խոտ գյուղում 365 բնակիչ «այո» է քվեարկել, 12-ը՝ «ոչ», Հալիձորում 173-ը՝ «այո», 38-ը՝ «ոչ», Հարժիսում 304-ը՝ «այո», 30-ը՝ «ոչ», Շինուհայրում 1079-ը՝ «այո», 19-ը՝ «ոչ», Սվարանցում 140-ը՝ «այո», 2-ը՝ «ոչ», Տաթեւում 389-ը՝ «այո», 21 «ոչ» է քվեարկել: Իսկ, ահա, Տանձատափում եւ Քաշունիում բոլոր գյուղացիները «այո» են քվեարկել: Այս երկու գյուղերում «ոչ» քվեարկող չի եղել:

Ի դեպ, շաբաթներ առաջ Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այս գյուղում ապրում է ընդամենը չորս բնակիչ, եւ անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ հանրաքվեին մասնակցել է 16 գյուղացի: «Սածիլ ենք արել. մեր գյուղի բնակիչներն են, ովքեր չեն ապրում գյուղում: Եկել են, քվեարկել են ու հույս ունեն, որ լավ կլինի, ճանապարհները կկառուցվեն, ոռոգման ջուր կունենանք: Հարյուր ու մեկ հոգս ունենք: Գորիսի կամ Շինուհայրի կողքին թող մի շենք կառուցեն ու տան քաշունցիներին, որ քոչենք Քաշունիից: Թե չէ այստեղ հոգսերը ծանր են. կտրված ենք աշխարհից, ճանապարհները հեռու են ու քանդված: Բայց այս ծրագիրը, որ ի կատար ածվի, լավ կլինի, միայն լավ իմացեք, որ գյուղերը սրա արդյունքում մարվելու են: Աստված թող վերջը լավ անի: Նա մի հնար կգտնի»,- հույս հայտնեց գյուղապետ Հակոբյանը:

Ի տարբերություն Քաշունիի, Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչների մեծ մասը՝ 64 բնակիչ, «ոչ» է քվեարկել համայնքների խոշորացմանը, իսկ 19-ը՝ «այո»: Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց տեղեկացնել, որ մինչ տեղական հանրաքվեն, գյուղի բնակիչները դեմ են եղել համայնքների խոշորացմանը: «Համայնքն ինչպես որոշել է, այդպես էլ արել է: Հիմա վաղը օգուտ կանեն, թե վնաս, խիղճը իրենց վիզը: Բայց ժողովուրդը հիմնականում դեմ է: Եթե ես ժողովրդին ասեի՝ այո՛, քվեարկեցեք, կթեքվեն ու ինձ կասեն՝ կառավարության մարդն ես, ուրեմն քեզ կաշառել են, որ նման խորհուրդներ ես մեզ տալիս: Կհարցնեն՝ դու ինչո՞ւ ես շահագրգռված համայնքների խոշորացման հարցով: Դրա համար էլ, այդ հարցերից խուսափելու նպատակով, ամսի 20-ից դեսը բուլետինի մեջ եմ ու սրտի վիրահատություն եմ տարել: Չեմ խառնվում ոչ մի խոսակցության»,- հայտարարեց Շամուտի գյուղապետը:

Իսկ Տավուշի մարզի Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը ու ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:   Հավանաբար   պատճառն այն էր, որ այս գյուղում բնակիչների մեծ մասը՝ 444-ը «ոչ» է քվեարկել, իսկ 243-ը՝ «այո»:

Լոռու մարզի Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանի խոսքերով՝ գյուղացիները մտավախություն ունեն, որ համայնքների խոշորացման արդյունքում իրենք ոչինչ չեն շահի, հակառակը՝ գյուղի համար ավելի վատ կլինի: «Բայց խոստումներ են տվել, տեսնենք՝ ինչ կլինի: Ահնիձորցիները շատ մտահոգված են ու չեն հավատում, որ լավ կլինի: Մեր գյուղի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, եւ ոչ մի խնդիր չի լուծվում: Սա է նրանց մտահոգությունը: Իսկ թե ինչ կլինի համայնքների խոշորացման արդյունքում, հետո պարզ կդառնա», – ասաց Ահնիձորի գյուղապետ Քառյանը:

«Ժողովուրդ»-ը այս հարցերի շուրջ զրուցեց նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու այն համայնքների հարցը, որտեղ հանրաքվեի արդյունքները բացասական են:

-Պարո՛ն Երիցյան, ինչպե՞ս եք գնահատում համայնքների խոշորացման հարցով տեղի ունեցած հանրաքվեն: Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները:

-Շատ նորմալ եմ գնահատում հանրաքվեի ե՛ւ ընթացքը, ե՛ւ արդյունքները: Ժողովուրդն իր ընտրությամբ ներկայացրել է այն, ինչն ինքը կամենում էր, որ լիներ: Ես կարծում եմ, որ դա եղավ մեր զրույցների, հանդիպումների ու քննարկումների արդյունքում: Այսօր գյուղացին գիտի, թե ինչ է ուզում, եւ որն է նրա անելիքը: Այդ հարցում ու, ընդհանրապես, գյուղացին իր «այո»-ով կարողացավ ապագա քայլերի մասին մտածել, պլանավորել իր ապագան: Գյուղացին գիտի, թե իր վաղվա օրն ինչ է, ու ինչ է իրենից պահանջվում, որպեսզի այն լավը դարձնի: Ես կարծում եմ, որ մենք ապագայում լավ, օրինակելի գյուղեր ենք ունենալու:

-Բայց կան գյուղեր, որոնց բնակիչների մեծ մասը «ոչ» է ասել համայնքների խոշորացմանը: Այս համայնքների հարցը ինչպե՞ս է լուծվելու:

-Այդտեղ որեւէ արտառոց բան չկա, քանի որ մենք վաղուց ենք հայտարարել, որ դա պիլոտային ծրագիր է: Մենք առաջիկայում կրկին կզրուցենք գյուղացիների հետ, նրանց ներկայացնելու ենք այն ծրագրերը, որոնք իրականացնելու ենք գյուղերում: Մենք գյուղեր կգնանք, կզրուցենք նրանց հետ, կսկսենք իրականացնել մեր նախատեսած ծրագրերը, ու ամեն ինչ ավելի պարզ ու հստակ կլինի նրանց համար: Կարծում եմ, որ ինչ-որ անհասկացվածություն է եղել, որը մենք շտկելու ենք: Ես բազմիցս հայտարարել եմ, որ սա շարունականան աշխատանք է լինելու:

«Ժողովուրդ»-ը պարզեց՝ չնայած որոշ համայնքների բնակիչների մեծ մասը խոշորացմանը դեմ է քվեարկել, այնուամենայնիվ, այդ յոթ համայնքների միավորումը օրենսդրական տեսանկյունից համարվում է ընդունված: Սակայն այստեղ խնդիր է առաջանում. ստացվում է, որ կոնկրետ գյուղեր կան, որոնք իրենց կամքին հակառակ են միավորվելու: Այսուհանդերձ, մեկ բան ակնհայտ է` այս հարցով իրավասու մարմինները շրջելու են գյուղերով, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա: Նկատենք, որ, ինչպես միշտ, Սյունիքի մարզը ամենահնազանդ վարքագիծն է դրսեւորել, ինչը բոլորն էլ պայմանավորում են մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` մարզում ունեցած ազդեցությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս