«Ժողովուրդ» օրաթերթը և Armlur.am կայքը նույնպես միանում են «Մութ ժամեր» ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մութ ժամեր» ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որտեղ հրապարակում այն լրատվամիջոցների անունները, որոնք միանում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսվող ակցիային: Հայտարարությունում ասվում է.

«Արդեն չորս օր է, ինչ համացանցում լայն արձագանք է գտել «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» ակցիան: Ակցիայի ժամանակ՝ մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00-ն, կոչ ենք անում հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից` զգուշացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը և թանկացման նրանց հայտը քննարկող պատկան մարմիններին, որ այս ակցիաները կարող են կրել պարբերական բնույթ՝ զրկելով ընկերությանը մեծ եկամուտներից:

Ակցիայի կազմակերպիչները դիմել են մի շարք լրատվամիջոցների` կոչ անելով աջակցել գաղափարին:

1in.am, Orer.am, Սիվիլնեթ, Araratnews.am, А1plus, ilur, Lragir.am կայքերը, Հայկական ժամանակ, Հրապարակ և Ժողովուրդ օրաթերթերի կայքերը միացել են ակցիային և նշված օրը մոտ երկու ժամով դուրս կգան «համացանցային եթերից» և չեն թարմացնի կայքերը` միաժամանակ տեղեկացնելով օգտատերերին այդ ակցիայի մասին:

Ավելին, Gala TV հեռուստաալիքը նշյալ ժամերին կանջատի եթերը: Ակցիայի նախաձեռնող խումբը կոչ է անում մյուս լրատվամիջոցներին նույնպես միանալ այս ակցիային` ապահովելով դրա հանրայնացումը և արդյունավետ դարձնելով էլեկտարէներգիայի թանկացման դեմ պայքարը:

Նախաձեռնող խումբը միաժամանակ կոչ է անում սոցիալական ցանցի օգտատերերին նույնպես մասնակցել այս ակցիային, տարածել դրա մասին տեղեկությունները, մայիսի 25-ին ժամը 21:00-23:00-ին հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից»:

«Մութ ժամեր» ակցիայի նախաձեռնող խումբ




Լրահոս