Որտեղից են առաջացել «Արմավիրի» ԲԿ-ի միլիոնների հասնող պարտքերը և ինչպես մեկ տարում 7 միլիոնից պարտքը դարձավ 26 մլն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կապված խնդրին, աշխատողների աշխատավարձերից 5 և 10 տոկոս պահումներին և ԲԿ-ի ահռելի պարտքերին:

Armlur.am-ը Արմավիրի մարզպետարան հարցում էր ուղարկել` խնդրելով տեղեկացնել թե ինչ պարտքեր ունի բուժհիմնարկը և ինչից է այն գոյացել: Մեր հարցմանն ի պատասխան մարզպետարանից պատասխանեցին, որ «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտքը 2015 թվականի մայիսի 19-ի դրությամբ կազմում է 25 մլն 942 հազար դրամ, որից դեղորայք և բժշկական պարագաների մատակարարների պարտքը կազմում է 15 մլն 785 հազար դրամ: Բուժկենտրոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պարտք է 8 մլն 148 հազար դրամ, տնտեսական ապրանքների մատակարարներին 1 մլն 268 հազար դրամ, և ևս 741 հազար դրամ այլ կրեդիտորական պարտքեր:

Մարզպետարանի պատասխանում նաև նշված է, որ ԲԿ-ի կրեդիտորական պարտքերը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 87 մլն 117 հազար դրամ, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ 7 մլն 914 հազար դրամ:

2015 թվականին ԲԿ-ի պարտքի ավելացման հիմնական պատճառներն, ըստ մարզպետարանի, դեղորայքների և բժշկական պարագաների գների թանկացումն է եղել, պետպատվերով հատկացվելիք գումարի կրճատումը, հունվար-մարտ ամիսներին էլեկտրաէներգիայի ծախսի ավելացումը, աշխատավարձի ֆոնդի ավելացումը և այլն:

Ընթացիկ տարում կենտրոնը աշխատել է վնասով, որի կանխարգելման ուղղությամբ կատարվում են միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, թեմայի վերաբերյալ մեզ հետ զրուցում, ասել էր, թե հիմնադիրի և բաժնետերերի կողմից կարող են այդ հարցին անդրադառնալ և այդ շրջանակներում որոշումներ կայացնել: Դա կարգավորվում է ՓԲԸ-ների մասին օրենքով և իրենց ենթաօրենսդրական կարգավորումներով: Վերջինս տեղյակ չէր, թե բժշկական կենտրոնն ինչ պարտքեր ունի:

Ստորև ներկայացնում ենք ԲԿ-ի կրեդիտորական պարտքն ըստ տարիների, որում հատկանշական է, որ մինչև 2015 թվականը պարտքի նվազումը կատարվել է աստիճանաբար, իսկ արդեն 2015 թվականին 30 մլն դրամ պարտքը նվազել է` հասնելով 7 մլն 914 հազար դրամի: Այնուհետև 7 մլն դրամից պարտքը հասել է 25 մլն դրամի:

Քրիստինա Աղալարյան

Untitled

 

Untitled

Untitled




Լրահոս