Տղամարդը տեսել է` ինչպես է քրոջ որդուն քամին քշում և գցում լճի խորքը. նոր մանրամասներ` Սևանում տեղի ունեցած արտակարգ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանի որոնողական աշխատանքները դադարեցվել են: Նա ապրիլի 20-ին Սևանի ափին` Ծովազարդ համայնքի կողմից, փորձել է ձուկ որսալ, մի փոքր առաջ գնալու նպատակով ռետինե նավակ է նստել, սակայն քամին շպրտել է դիմացի ափ:

Ծովազարդի համայնքապետ Արամ Կատվալյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ որոնողական աշխատանքները շարունակելն արդեն ապարդյուն կլինի: Նրա խոսքով, կորած տղամարդուն գտնել հնարավոր չի լինի: Այս հանգամանքը համայնքապետը բացատրեց նրանով, որ տղամարդը հագուստով է եղել, ինչը նշանակում է, որ նա անցել է ջրի հատակը. «Նա խորքերում է հիմա: Եթե մերկ լիներ, հնարավոր կլիներ գտնել: Նա ջրի մակարդակ դուրս կգար: Հիմա էլ նա ափ դուրս կգա միայն քամիների կամ ջրի մակարդակի փոփոխության հեռևանքով: Այլ կերպ հնարավոր չէ»:

Իսկ Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը Armlur.am-ին հայտնեց, որ Արմեն Մարգարյանը դեպքի ժամանակ մորեղբոր հետ է եղել: Վերջինս նկատել է` ինչպես է Արմենը փորձում բռնվել ծառի ճյուղից, և ինչպես է նրան քամին մյուս ափ նետում. «Տեղի ունեցածը միանշանակ դժբախտ պատահար է: Արմենը որևէ խնդիր չուներ, որ դիտավորյալ նման քայլի դիմեր: Նրա միակ հոգսը կինն էր, ում հետ ամուսնության առաջին իսկ տարիներից մշտապես խնդիրների մեջ էր: Կինը բաքվեցի է եղել, Արմենն էլ ամուսնությունից առաջ ասել է, թե բարձրագույն կրթություն ունի, Պոլիտեխնիկն է ավարտել: Հետո էլ իմացել է, որ ամուսինն իրեն ստել է, որպեսզի կարողանա ամուսնանալու հնարավորություն ունենալ»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ տարիներ առաջ Արմեն Մարգարյանը փորձել է ինքնահրկիզվել: Բարեբախտաբար հաջողվել է կանխել: Արմեն Մարգարյանը երկու չափահաս երեխաներ ունի. մեկը գյուղապետարանի աշխատակից է, մյուսը` ուսանող:

Հիշեցնենք, որ ձկնորսության դուրս եկած տղամարդու անհետանալուց ժամեր անց փրկարարներին հաջողվել է գտնել ռետինե նավակը: Դեպքի օրը տարածքում ուժեղ քամի է եղել, ինչն էլ, ըստ նախնական տեղեկությունների, հանգեցրել է դժբախտ դեպքին:




Լրահոս