Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կիրականացվեն 180 հազար քմ փոսալցման աշխատանքներ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից և արդեն մոտենում են ավարտին:

Ամբողջությամբ ավարտվել է Երևան – Սևան – Իջևան 148 կմ ընդհանուր երկարությամբ և Ոսկեպար – Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը:

Նշված հատվածներում աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական 6 կազմակերպությունների կողմից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանի խոսքով՝ փոսալցման աշխատանքների ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, ավտոճանապարհներին կրկին կկատարվեն համապատասխան աշխատանքներ։

«Ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջին հերթին կատարում ենք փոսալցման, այնուհետև՝ շահագործման և պահպանման աշխատանքները: Ճանապարհների սպասարկման գարուն-ամառ-աշուն ընթացքը ձգվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը», – ասաց Հրաչյա Բաղդասարյանը:

Սևանի տարածաշրջանում փոսալցման աշխատանքները մեկնարկել են ապրիլի երկրորդ տասնօրյակում և ավարտվել մայիսի 20-ին: Աշխատանքներն իրականացնող «Սևան ՃՇՇ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Լյովա Ալավերդյանի կարծիքով՝ ճանապարհները շատ դեպքերում վնասվում են անվաշղթաներով երթևեկող մեծ մեքենաներից:

«Այժմ ընթացքի մեջ են հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքները, միջպետական ավտոճանապարհներին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել ենք», – ասաց Լյովա Ալավերդյանը:

Միջպետական մայրուղու Իջևանի հատվածի 36 կմ և Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածի 12 կմ երկարությամբ ճանապարհներին աշխատանքներն իրականացնում է «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Այստեղ վթարված հատվածների փոսալցումներն ավարտվել են մայիսի 21-ին:

Ճանապարհաշինական կազմակերպության գլխավոր ճարտարապետ Գառնիկ Թադևոսյանի խոսքով՝ միջպետական ավտոճանապարհին իրականացվել է 1280 քմ, իսկ Ոսկեպար-Նոյեմբերյան հատվածում՝ 80 քմ փոսալցման աշխատանքներ, նորացվել են նաև ճանապարհային նշանները:

«Այդ ճանապարհահատվածներում տեղադրվել է 29 ճանապարհային նշան: Ամբողջ տարվա ընթացքում ճանապարհային նշանները փոխվում են, բացի փոսային նորոգումը՝ իրականացնում ենք նաև սպասարկման բոլոր աշխատանքները», – նշեց Գառնիկ Թադևոսյանը:

Ոսկեպար – Նոյեմբերյան միջպետական նշանակության ավտոճանապարհի 47 կմ երկարությամբ ճանապարհը կարգի է բերվել ու նորմալ երթևեկելի դարձել «Լևոն երկրորդ» ՍՊ ընկերության կողմից: Չնայած այս Ճանապարհի որոշ հատվածներ գտնվում են անմիջապես հակառակորդի դիտակետում, շինարարները սահմանված ժամկետում կատարել են նախապես պլանավորած աշխատանքներ:

«Մայիսի 21-ին ավարտել ենք միջպետական ճանապարհների փոսային նորոգումները: Հանրապետական ավտոճանապարհներին աշխատանքները կավարտենք մինչև այս ամսվա վերջ: Սահմանամերձ ճանապարհ է, մոտ 4 կմ այն կողմ հակառակորդն է։ Ճանապարհի 24-28 կմ-ն անչափ վտանգավոր հատված է։ Չնայած դրան՝ մեր ճանապարհաշինարարները կարգի են բերել ճանապարհը», – ասաց «Լևոն երկրորդ» ՍՊԸ ճարտարապետ Արթիկ Աբովյանը:

Հայաստանի ճանապարհներին 2015թ. ընթացքում, ըստ նախնական հաշվարկի, կիրականացվեն շուրջ 180 հազար քմ փոսային նորոգումներ: Նախատեսվում է մինչև հունիսի 1-ն ամբողջությամբ ավարտվել միջպետական, իսկ մինչև հունիսի 10-ը՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվող փոսալցման աշխատանքները:

Դրանց ավարտից հետո ճանապարհաշինարարների հիմնական ուշադրությունն ուղղված կլինի հաջորդ փուլի՝ կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման, վնասված ճանապարհային նշանները նորով փոխարինելու աշխատանքներին։

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed (10)

unnamed (11)

unnamed (12)

unnamed




Լրահոս