Արդարադատության նախարարը` «զոն նայողների» և ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պտտվող սեւ փողերի թեմային, ասաց, որ այդ խնդիրը իդեալական իրավիճակում չէ, սակայն շատ դեպքերում չափազանցված է:

-Պարո՛ն Մանուկյան, Դուք արդեն մեկ տարի է, ինչ պաշտոնավարում եք որպես ՀՀ արդարադատության նախարար: Մինչ Ձեզ էլ արդարադատության բոլոր նախարարները, երբ նոր են նշանակվում, իրենց առաջին աշխատանքային օրը սկսում են այցելել նոտարական գրասենյակներ կամ քրեակատարողական հիմնարկներ, նոր լուծումներ են առաջարկում` ոլորտը կարգավորելու համար, սակայն իրականում ոչինչ չի փոխվում: Մասնավորապես, ՔԿՀ-ներում շարունակում են բարձրաձայնվել անորակ սննդի, խցերի գերծանրաբեռնվածության մասին: Ավելին՝ ՄԻՊ-ը 2014թ զեկույցում հրապարակել է, թե, օրինակ, «Կոշ» ՔԿՀ-ում ճաշը նախապատրաստվել էր մոտ 470 անձի համար, սակայն համաձայն պահեստից սննդամթերքի դուրս գրման փաստաթղթերի` սննդամթերքը տրամադրվել էր 739 անձի հաշվարկով: «Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորների 30 տոկոսն է օգտվում սնունդից: Այսինքն՝ մարդիկ իրենց հարազատներից են ուտելիք խնդրում, որ սովից չմեռնեն: Դուք, որպես նախարար, բացի Ձեր հայտնի լուսանկարներից, որոնք հրապարակեցիք ՔԿՀ ճաշարանից, կոնկրետ ի՞նչ եք արել:

-Նախ առաջինը՝ շատ բաներ, որոնք արձանագրված չեն, կամ արձանագրվում են մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, դա չի նշանակում, որ մենք այդ զեկույցից ենք իմանում: Երկրորդը՝ հնարավոր է՝ զեկույցում լինեն բաներ, որոնք երբեմն չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ վերջնական որեւէ հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու համար պետք է լուրջ ծառայողական քննություն իրականացվի, կամ քննչական մարմինները պետք է քննություններ իրականացնեն: Իսկ այն, ինչն ասեցիք, դրանք հանցագործություն պարունակող հատկանիշներ են, եւ կարծում եմ, որ այսպես՝ պարզապես մի հայտարարության հիման վրա, դատողություն անել եւ, այսպես ասած, վերջակետ դնել, դրան հակված չեմ: Այն, որ ցանկացած հրապարակման, ցանկացած զեկույցի ցանկացած կետ մենք ուսումնասիրում ենք եւ ստուգում ենք, կարող եք վստահ լինել: Սննդի, բուժծառայության գծով մենք ուսումնասիրում ենք ժամանակակից արդյունավետ փորձը, որպեսզի ճիշտ հիմքեր դնենք՝ այս ծառայությունները բարելավելու համար, մենք կարող ենք նախարար փոխել, վարչության պետ փոխել, գաղութի պետ փոխել, դրա էֆեկտիվությունը շատ քիչ կլինի: Եթե ինքը՝ համակարգը, արդյունավետ չի, նույնիսկ լավ մարդուն այդ համակարգը կարող է դնել վատ դրության մեջ :

-Դուք հիմա նոր լուծումներ եք առաջարկել, բայց եթե մեկ, երկու տարի հետո մեկ ուրիշը Ձեզ փոխարինի, նա էլ ոլորտը կարգավորող իր լուծումներն է առաջ քաշելու: Դուք կոնկրետ ասեք՝ այս ընթացքում թվարկված խնդիրներից գոնե մեկը հիմնովին լուծե՞լ եք, փաստերով խոսեք:

-Ձեզ հասկանում եմ որպես լրագրողի, Ձեզ համար կարեւոր է մի սկանդալային իրավիճակ արձանագրել եւ ընթերցողին ասել՝ սրան բռնել են, սրան դատել են, ես այն, ինչ ասում եմ, փաստերով եմ ասում:

-Բոլոր այն մարդիկ, որոնք որ ՔԿՀ-ներում դատապարտյալ հարազատներ ունեն, կարող են հավաստիացնել, որ ՔԿՀ-ներում պտտվում են սեւ փողեր, սակայն այդ գումարները ոչ մեկի կողմից չեն վերահսկվում: Հայտնի է, որ «զոն» նայողները կամ քրեական հեղինակությունները դատապարտյալների վրա ճնշումներ են գործադրում, որ իրենց գումար տան: Մարդիկ սնանկանում են՝ ամեն ինչ վաճառելով միայն, թե ՔԿՀ-ից կենդանի դուրս գան: Դուք տիրապետո՞ւմ եք իրավիճակին եւ ի՞նչ քայլեր եք արել` այս երեւույթը կանխելու համար: Ի դեպ, օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի խցից 1000 ԱՄՆ դոլար էին հայտնաբերել, եւ փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Չի բացառվում, որ դա եւս սեւ փող էր: Ի՞նչ քայլեր եք Դուք անում` այս իրավիճակի դեմն առնելու համար:

-Կարծում եմ, որ այս համապատասխան դեպքերով իրավասու մարմինները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկեն: Իսկ, ահա, այդ իրավիճակի մասին լուրերը, որոնք հասարակության մեջ պտտվում են, չեմ կարող ասել՝ իդելական են, բայց չափազանցված են:

-Այսինքն՝ մարդիկ չափազանցնո՞ւմ են, որ «զոն» նայողները «նալոգ» են պահանջում, իսկ նրանք էլ իրենց հարազատներին են խնդրում օգնել, որպեսզի կալանավայրում խնդիրներ չունենան:

-Վստահ եղեք՝ իրավիճակը տիրապետում եմ, եւ այդ ուղղությամբ մշակումներ ունենք:

-Արդարադատության նախարար տերմինը ենթարդրել է տալիս, որ այս պաշտոնը ղեկավարող մարդը պատասխանատվություն է կրում երկրում տիրող անարադարության կամ արդարության մթնոլորտի համար: Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք Հայաստանում տիրող անարդարության երեւույթների համար:

-Ամեն ինչի մասով եմ պատասխանատու: Եթե ես Կառավարության անդամ եմ` լինելով արդարադատության նախարար, բոլոր այն ուղղությունները, որոնք Կառավարության իրավասության ներքո են, մասամբ նաեւ ես եմ պատասախանատու դրա համար:

-Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին մարդ սպանեց, դրանից հետո նաեւ ծեծեց, կուրացրեց, այս անարդարությանը ինչպե՞ս եք արձագանքում: Դուք Հայաստանը Ձեր երեխաների համար ապահով երկիր համարո՞ւմ եք:

-Եթե Հայաստանը չհամարեի հեռանկարի եւ ապագայի երկիր իմ համար, ապա իմ երեխաներն այսօր այստեղ չէին լինի: Իմ երեխաները ստացել են լավագույն կրթություն եւ հնարավորություն ունեին աշխարհի ցանկացած երկրում աշխատելու եւ ապրելու, բայց իրենք այստեղ են ապրում, այստեղ են աշխատում եւ վաղվա մեր երկիր կառուցողներն են լինելու:

-Համոզվա՞ծ եք, որ Ձեր երեխաները պաշտպանված կլինեն, եթե մի օր հանկարծ պատահմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ճանապարհը «կտրեն»:

-ՀՀ գլխավոր դատախազի վերջին հաշվետվությունից հետո, երբ նա ասեց, որ բոլոր մեղավորները պատասխանատու կլինեն, ապա՝ այո՛:

-Պարո՛ն Մանուկյան, դեսպանի աշխատա՞նքն էր ավելի հաճելի, թե՞ արդարադատության նախարարի:

-Երբ իրավական ոլորտում անցա աշխատանքի, երբեք չէի պատկերացնում, որ այդ ոլորտից կհեռանամ, բայց եղավ այնպես, որ եղա դիվանագիտության ոլորտում, եւ այն փորձառությունը, որ ստացա դիվանագիտության ոլորտում, անփոխարինելի եւ անգնահատելի էր: Աշխատանքի տեսակետից տարբեր գործերով եմ զբաղվել, եւ յուրաքանչյուր տեղ ինչ-որ հետաքրքիր բան գտնում ես: Այստեղ կոնկրետ ոչ թե պաշտոնը պետք է սիրես կամ չսիրես, այլ պետք է սիրես այն աշխատանքը, որ քեզ բավարարվածություն տալիս է: Ինձ բավարարավածություն է տալիս այն աշխատանքը, որտեղ դինամիկա կա, եւ որոշակի պրոցեսների վրա կարող ես ազդել:

-Ինչքան հասկացա՝ կարոտում եք դեսպանի կարգավիճակը:

-Կարոտում եմ նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, քանի որ շատ հետաքրքիր էր, եւ այն ժամանակ կարողացանք լուրջ բարեփոխումներ իրականացնել:

Քնար Մանուկյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս