Դժբախտ դեպք բանակում. մահացել է քաղցկեղով հիվանդ նորակոչիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 12-ին բանակ զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը մահացել է: Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր: Համայնքի ղեկավար Սարգիս Գալստյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ զինծառայողի ծնողները վստահեցնում են, որ որևէ խնդիր Խդրը չի ունեցել, երբեք չի բողոքել. «Այս պահին որևէ հստակ բան չգիտեմ: 4-5 ամիս ծառայեց, ու նման դժբախտ դեպք տեղի ունեցավ: Հիմա չգիտենք` ինչ կպարզվի: Բայց շատ հնարավոր է` ծնողներն էլ ինչ-որ բանից անտեղյակ լինեն: Սովորական մարդիկ են, իրենց անասունները պահելով` ապրում են»:

Armlur.am-ը զրուցեց նաև Խդր Սարոյանի մորեղբոր` Խուդո Խուդոյանի հետ, ով մեզ հայտնեց, որ բժշկական զինհանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել Խդրի մոտ: Սակայն հետագայում հարազատներն իմացել են, որ բժշկուհիներից մեկն ինչ-որ արձանագրություններ է արել, որոնցում նշված է եղել այն հանգամանքը, որ նորակոչիկը պիտանի չէ ծառայության և չի կարող զորակոչվել. «Բժշկուհին այսպիսի բաներ է ասել, իսկ նախարարությունը չի հայտարարագրել, ու Խդրին բանակ են տարել: Ի՞նչ է ստացվում. մարդիկ իրենց էրեխուն տվել են դրանց ձեռքը ու դիակն են հետ ստացել»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, Խդրը մեկ տարվա ուսանող էր` իրավագիտության ֆակուլտետն էր ընդունվել: 4 ամսվա ընթացքում տղայի մոտ չարորակ քաղցկեղ է հայտնաբերվել. «Էս պահին ասում են, մի քանի տեղ են եղել քաղցկեղի նշանները, այդ թվում` ստամոքսի: Հիմա համապատասխան մասնագետները փորձաքննություն կանեն, կհասկանանք»:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ զինծառայողի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ծառայության ընթացքում, որն արագ զարգացել է: Բժիշկները երկար ժամանակ արել են հնարավորը նրա կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, ապարդյուն:




Լրահոս